Image result for Edik BaghdasaryanՄիջազգային կառույցները Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ ավելի շատ էին ճնշում։ Բայց այլ ելք չկար, պետք էր առաջ գնալ և հայկական զորքը առաջ էր գնում՝ ազատագրելով տարածքներ, ոչնչացնելով ռազմական հենակետեր։ Ամեն մի գործողությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ճնշումներն ուժգնանում էին, բայց մենք այլ ելք չունեինք, պիտի առաջ գնայինք, որովհետև հրետակոծվում էին խաղաղ բնակավայրերը։ Միջազգային կառույցները լավ էլ գիտեին թե ինչ էր սպասվում Ղարաբաղին, եթե չլինեին այդ գործողությունները։ Այն ժամանակից ի՞նչ է փոխվել։ Ադրբեջանցիների մեջ որոշ չափով նվազել է վախի զգացումը, դա 2016-ի ապրիլից՝ նրանց կողմից դիրքեր գրավելուց հետո եղավ։ Ավելի է շատացել հայատյացությունը, մի քանի անգամ մեծացել է նրանց սպառազինությունը։ Բայց ապրիլից հետո նրանք նաև տեսան, որ առաջ գնալը գրեթե անհնար է, ու այդ օրերին սպասում էին հայերի հարձակմանը։ Սահմանի ողջ երկայնքով նրանց բնակավայրերից մարդիկ փախչում էին։ Բայց հայկական զինուժը չգնաց հակագրոհի, պատժիչ մեծ գործողություն չեղավ, հրաման չկար։ Հենց սա թուլացրեց մեր դիրքերը հետագա բանակցություններում։ Կարծում եմ՝ Հայաստանում չկա մի ուժ, որը դեմ է խաղաղությանը, բանակցություններին, փոխզիջումներին։ Իսկապես կան բազմաթիվ կետեր, որոնց շուրջ պետք է բանակցենք. օրինակի համար նշեմ երկուսը՝ Շահումյանի հարցը, ոռոգման ջրերի համատեղ օգտագործման հարցը, նման էլի շատ կետեր կան։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ շրջանները հետ տալու մասին թեզերը չեմ կարողանում ընկալել։ Ու սա հենց էնպես չեմ ասում, իսկապես չեմ կարողանում պատկերացնել նման բան, որովհետև դա նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին, որովհետև դրանից հետո Արցախում ոչ ոք չի մնա ապրելու։ Իսկ թեզը, որ Ղարաբաղի պատճառով Հայաստանը չի զարգանում, ընդհանրապես արհեստական է։ Տասնամյակներով իշխանությունը, պաշտոնյաները թալանում են բյուջեն, մսխում երկրի ընդերքը, խուսափում հարկեր վճարելուց, հետո էլ թալանած փողերը տեղափոխում տարբեր երկրներ․․․ Մի խոսքով՝ երկիր կառուցելու փոխարեն իրենց բիզնեսներով էին զբաղված ու Արցախի հարցն էս ամեն ինչ հետ կապ չուներ։ Գիտեք՝ հիմա ինչ են անում Արցախում զինվորականները, անհավատալի մի բան. ինքնուրույն նոր զինատեսակներ են ստեղծում, որոնք անակնկալի են բերելու հարձակման փորձ անող ադրբեջանական զինուժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել