Շատ վրդովված եմ, չնայած Հրանտի էջում անդրադարձել եմ, սակայն ուզում եմ, որ իմ ընթերցողները իմ դիրքորոշումը այս թեմայի վերաբերյալ ընդգծված իմանան... Մարդիկ իրենց թույլ են տալիս հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին՝ մի մարդու, որ մշտապես եղել է քաղաքացիական պայքարի կիզակետում, մի մարդու, որին ճանաչում եմ ՅԱՄ-ՅԱՄ ԴՈՆԱԹՍԻ հրաշալի ընկերախմբի տարիներից (այդ սրճարան հաճախած մարդիկ լավ կհասկանան, թե ինչ եմ ընդգծում), մի մարդու, որը երբեք հանուն ինչ-որ բանի իր «ոչ»-ը «այո» չդարձրեց, մեղադրել վաճառվածության, կեղծավորության կամ թիկունքից խփելու մեջ... Ստոպ, դա մի քիչ չափից ավելի է... Մի բան չեմ կարողանում հասկանալ... Տարիներ շարունակ մարդը կարող է պայքարել, իրեն զրկել ամեն ինչից, չնչին ֆինանսական միջոցները ծախսել հանրահավաքներ գնալու և սովից չմեռնելու համար, աչք փակել բոլոր առաջարկվող գայթակղությունների վրա և ֆեյսբուքյան որևէ ակտիվիստի թեթև ձեռքով դառնալ իշխանական կերակրատաշտից օգտվող... Մի քիչ զգոն եղեք այդպիսի բան ասելուց առաջ... Եթե որևէ մեկը ընթացիկ ընդդիմության ակտիվիստ է, չի հավակնում դառնալ ճշմարտության վերին ատյան... Դա ի՞նչ մոտեցում ՝է՝ մարդը համարձակվում է ասել բաներ, որոնք քոմենթամոլների համար քննադատելի են, և որևէ մեկը, դատավորի պատմուճան հագած, կարող է իրեն թույլ տալ դասակարգել պայքարի լուրջ ճանապարհ անցած մարդկանց՝ էլ իշխանական կերակրատաշտից օգտվող, էլ վաճառված... Չի կարելի...
Ինձ համար Հրանտի պես տղաները մեր երկրի առանցքում են, ողնաշարում... Ոչ թե նրա համար, որ մեզ միավորում է անկեղծ ընկերությունը (այդ ընկերությունը մենք ձեռք ենք բերել տարաբնույթ պայքարների ընթացքում), այլ նրա համար, որ այդ տեսակը մենք փչացնելու իրավունք չունենք... Ոչինչ, որ երբեմն ես և Հրանտը չենք կիսում միմյանց մոտեցումները... Երկուսս էլ հրապարակախոս ենք և կարող ենք ունենալ տարաբևեռ պատկերացումներ... Սակայն մեղադրել միմյանց՝ վաճառվելու մեջ՝ դա չափից ավելի է...
Հասկանում եմ՝ պայքարող մարդկանց ուղղված ցանկացած քննադատություն էմոցիոնալ ընկալում կարող է ունենալ... Սակայն ի նկատի ունեցեք, որ սթափ մոտեցումները, եթե անգամ ձեր քիմքին հարիր չեն, ավելի շատ օգուտ կարող են տալ շարժմանը, քան կույր ուռա-ները...
Բարև, եթե իմ այս հրապարակումից հետո իմ ձեռքը օդում չեք թողնի... Տա աստված, որ դուք հիասթափություններ չարձանագրեք ձեր պատկերացումներում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել