Ամերիկյան Foreign Policy պարբերականը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ թեմայի շուրջ զրուցելով Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ:
Հատկանշական է, որ պարբերականը խնդիրը դիտարկել է՝ Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետների միջև հավասարության նշան դնելով, ինչը, նկատենք, ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, հատկապես վերջին շրջանում, առաջին դեպքը չէ: Հրապարակումը համառոտ թարգմանությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Երկիրը, այնուամենայնիվ, հայտարարում է իր ինքնիշխանությունը և ունի իր սեփական իշխանությունը։
Foreign Policy-ի հետ հարցազրույցի ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ հակամատությունը սառեցված չէ, կողմերը գտնվում են լարվածության մեջ, սակայն հանգիստ վիճակում։
«Վերջին 10 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի 20 զինվորներ են սպանվել և 95-ը՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմը ևս կորուստներ է կրել»,- նշել է Մելիքյանը և ավելացրել, որ ինքը մարդու իրավունքների, այլ «ոչ թե հայերի իրավունքների պաշտպան» է: Այս կապակցությամբ նա պատմել է իր գործադրած ջանքերի մասին, թե ինչպես է ադրբեջանցուն, ով մեղադրվում է անկարգություններ հրահրելու նպատակով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար, իր աջակցությամբ փաստաբան տրամադրել։ Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում չի ճանաչում մարդկանց իրավունքն երն ու մարդասիրությունը, այն դեպքում, երբ «իրավունքները պետք է լինեն համընդհանուր»։
Իրավիճակն ադրբեջանական կողմից դիտարկվում է այլ կերպ։ Ադրբեջանի դեսպանատան հյուպատոս Վուգար Գուրբանովը նշել է, որ ադրբեջանցիները տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից և շրջակա տարածքներից։ «Խոսքը ոչ միայն օկուպացված տարածքների մասին է, այլ՝ ինչպես են դրանք օկուպացվել»,- ասել է նա FP-ին։
Եթե Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի փոխում իր հայատյաց քաղաքականությունը, բանակցություններն ու հայտարարություններն ապարդյուն կլինեն, ապա Գուրբանովը հերքել է այն՝ անվանելով հայկական ազգայնամոլություն և մեջբերել ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը. «Առանց բանակցությունների սկսման, ոչ մեկը տարածաշրջանում խաղաղություն չպետք է ակնկալի»։
Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը FP-ին ուղարկած էլեկտրոնային նամակում ասում է. «Իրականությունն այն է, որ Հայաստանը ուժ է կիրառել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ՝ օկուպացնելով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Հայաստանը «իր օկուպացիոն և տխրահռչակ էթնիկ զտումների քաղաքականությամբ փորձում է հակամարտությունը ներկայացնել՝ որպես Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի ինքնորոշման խնդիր»։
Նրան հակադարձել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ նշելով, որ այն չի եղել տարածքային վեճ, այլ ինքնորոշման հարց, և Ադրբեջանը «ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի հիմքերը»։