Ընտրազանգված գրավելու նպատակով կուսակցությունները խոստանում են աշխատավարձերի, թոշակների բարձրացում։ Բայց ոչ ոքի չի մտահոգում այն փաստը, որ Հայաստանում թոշակի տարիքը սահմանել են 63-65-ը, իսկ մարդիկ հաճախ 50-ի էլ չեն «ձգում», որ Հայաստանում աշխատանքային հայտարարություները մինչեւ 35-40 տարեկանների համար են, որ այսօր շատերը Ռուսաստան են գնում նրա համար, որ այնտեղ հնարավորություն կա 55 տարեկանից թոշակի անցնելու, եթե մարդը պետական համակարգում չի աշխատում։ Իսկ Հայաստանում 90-ականների կեսերից օրենք ընդունեցին թոշակի տարիքը 63-65 դարձնելու մասին։ Ու հիմա այդ «տնտեսված» գումարների հաշվին հսկայական ապարատ են պահում ու անընդհատ նրանց աշխատավարձերը բարձրացնում, իսկ երբ հերթը հասնում է ժողովրդի համար սոցիալական բարեփոխումներին, «բյուջեում փող չկա»․․․ Ու մինչեւ հիմա չեն էլ մտածում էդ օրենքը վերանայելու մասին, արդյո՞ք տեղին է այդ օրենքը մի երկրում, որտեղ աշխատատեղերը կա՛մ քիչ են, կա՛մ կլանիզացված ու կուսակցականացված, իսկ մարդկանց առողջությունն էլ օր-օրի վատանում է։ Եթե հաշվի առնենք, որ իշխող կուսակցության թեթեւ ձեռքով էլ գործազուրկների նպաստները վերացան, ապա կարելի է ասել, որ ամեն ինչ արվում է երկիրը դատարկելու համար, որպեսզի մնա այնքան մարդ, որքան անհրաժեշտ է բուրգին ու նրա ենթահպատակ մարզային բդեշխներին սպասարկելու համար, ինչքան ուզում է, էդ բդեշխներին ուղարկեն «կառավարման դասընթացների» (միջազգային մակարդակի սեմինարների), բդեշխը մնում է բդեշխ, զոռբան էլ՝ զոռբա, քանի դեռ երկիրը կառավարվում է քրեաօլիգարխիկ համակարգի միջոցով։ «Վերեւներին» անհրաժեշտ է խեղճացած ու կռացած հասարակություն՝ բուրգից ու բդեշխներից կախված, ի՞նչ «ազատ ընտրության» մասին կարող է խոսք լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: