«Ինչպե՜ս պոռնիկ դարձավ հավատարիմ քաղաք Սիոնը, 
որը լի էր հավատով, ուր արդարությունն էր բնակվում, 
իսկ այժմ՝ մարդասպանները» Եսայի 1․21
Չքնաղ բնօրրան, դու հայոց երկիր,
Գոհարազարդ էր երկիրդ անծիր,
Փիրուզյա լճեր, սիգապանծ լեռներ,
Թավուտ անտառներ ու բերրի դաշտեր։
Արարչի ձեռքով նրբորեն կերտված՝
Քո բնության ամեն մի հատված
Բերք ու բարիք էր շռայլում մարդկանց։
Բայց, ափսոս, հայը իր փառքը չհասկացավ,
Չքնաղ երկիրը ավերակ դարձավ
Իրեն իսկ գործած գարշելի մեղքով։
Ամեն, ամեն տեղ գող իշխանավոր,
Թալանչի, հպարտ և վայրենաբարո,
Կաշառք սիրող ու կաշառք տվող է քո ժողովուրդը,
Քո դատավորները հանուն փողի են անում դատերը
Եվ թքած ունեն արդարության ու խղճի վրա։
Օրենք ասվածը վերացված է նրանց շուրթերից։
Վաճառակններիդ կշեռքները խարդախ
Ու պիղծ են Արարչի առաջ։
Քո միջակությունը լծակն է բռնել վերին ատյանի,
Ճամփան է փակել տաղանդի, խելքի։
Իմաստուններին արմատից են միշտ չորացնում,
Թուրքի արարք են նրանք գործադրում,
Հետո էլ ազգի ու հայրենիքի սիրուց են խոսում։
Երբ գլխատում են մատաղ սերնդին,
Թողնելով նրանց ուսման կես ճամփին,
Քանի որ նրանք կաշառք չտվին։
Ամեն, ամեն տեղ, ուր էլ որ նայում
Անարդարություն եմ ես հիմա տեսնում։
Պաշտում են փողը ինչպես մի Աստված
Եվ խոնարհվում են նրան կուրացած։
Փակել են իրենց աչքերն ու ականջը,
Չեն ուզում լսել լացը խեղճերի,
Որբի հեծկլտոցն ու այրու արցունքը
Չի հուզում նրանց քարացած սիրտը։
Իսկ, ավաղ, նրանց հայրերն ու այրերը
Մարտիրոսվեցին վասն հայրենյաց։
-Հերիք է, հայե՛ր, զարթնեցեք նիրհից,
Ավերակ մնաց ձեր չքնաղ երկրից,
Օտարն է տիրում ձեր սուրբ մասունքին։
Հիշի՛ր, Երևա՛ն, Անին էլ քեզ պես քաղաք էր գունեղ,
Իր մեջ կրելով բյուրավոր ժամեր, տաճարներ շքեղ,
Բայց չազատագրվեց քեզ հասած մեղքից,
Աստծո ցասումից օձ ու կարիճի բնի վերածվեց։
Ուշքի եկ, հա՛յ ազգ, Հուդայի մեղքը դեն շպրտիր քեզնից,
Մի՛ թող կործանվի երկիրը հին քո գործած մեղքից,
Հիշի՛ր՝ ազգեր ու երկրներ կործանվել են՝ հենց իրենց մեղքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել