Շուշաննա Թովմասյանին հանդիպեցինք գարնանային այս անձրևոտ օրերին: Թեև եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չէին, այնուամենայնիվ, որոշեցինք չհետաձգել մեր ֆոտոշարքը: Շուշաննան պատրաստակամ լուսանկարվեց՝ չնայած անձրևին ու քամուն, ինչից հետո գնացինք թեյելու և զրուցելու: Հարցազրույցն իսկապես զրույցի վերածվեց ու տևեց ավելի քան 2 ժամ: Լրագրողի համար թերևս ամենաբարդ բանը հետաքրքիր զրույցից հետո ամենակարևոր հատվածներն ընտրելն է, բայց հույս ունենք, որ ձեզ համար ևս հետաքրքիր կլինի ներկայացվելիք հարցազրույցը :)
- Հասարակությունը քեզ ճանաչեց որպես Էլեն: Հետաքրքիր է՝ ինչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն Շուշաննան և Էլենը: Որքանո՞վ էր քեզ համար հեշտ մարմնավորել այդ կերպարը:
- Ես և Էլենն անշուշտ ունենք նմանություններ: Բազմիցս հաստատվել է դրական զգացողությունս, որ հենց Էլենին եմ մարմնավորել: Ինձ համար ինքը զուտ կերպար չէր, այլ մի մարդ, ով շատ նման է ինձ: Շատ կարգավիճակներ ու հոգեվիճակներ, որ նա ուներ, իրականում ապրել եմ իմ կյանքում: Զուգադիպությունները մի քիչ շատ էին: Իհարկե, կան նաև բաներ, որոնք մի քիչ տարբեր են, սցենարային առումով` գուցե մի քիչ չափազանցված: Ինձ համար մի քիչ չափազանցված է, որ մեր ժամանակներում կան էդպիսի աղջիկներ: Էլենն իր տեսակով շատ բաներ հաշվի առնող էր, ես էլ եմ այդպիսին: Ես լիովին չեմ ընդունում, թե նպատակն արդարացնում է միջոցները, որովհետև չի կարելի անտեսել բոլորին և ասել` ուզում եմ ու պիտի լինի:
Հոր կորստից հետո Էլենն ավելի կապվեց մոր հետ, քանի որ աշխարհում միայն մորն ուներ: Իմ դեպքում էլ է այդպես՝ ես էլ միայն մի մայր ունեմ: Ընդհանուր բաներ շատ կան, թեև պիտի նշեմ, որ երբևէ չի եղել, որ ես խաղամ, օրինակ, հորը սգացող տեսարան, բայց դա վերարտադրեմ որպես իմը, հիշեմ իմ պատմությունը: Ես ապրել եմ Էլենի կյանքը: Դա եղել է Աիդա Բաբաջանյանի շնորհիվ, ով կինոյի շրջանակներում ինձ համար լավ մամա է եղել: Այլ խաղընկերոջ դեպքում գուցե ամեն ինչ այդպես չստացվեր: Նա կարողացավ ստանալ այն, ինչ ցանկանում էր, վերցրեց մի ծուռմռտիկ քար ու սկսեց հղկել: Ինքը խաղում էր, ու ինձնից էլ էր դա պահանջում: Աիդան չէր մտածում, որ ինքը դերասան է, իսկ ես ինչ-որ երեխա եմ, այլ փորձում էր ինձ հասցնել իր մակարդակին: Շատ բաներ, որոնցից ես բարդութավորվում էի կամ մտածում` կարող է անեմ, ինձ ճանաչողները մտածեն՝ ինձ եմ խաղում, ինքը կարողանում էր այնպես տրամադրել, որ ես Էլենն եմ, իմ մաման՝ տիկին Անահիտն է, ու ես սիրում եմ Գոռին: Եվ ես այդ ողբի մեջ էի մտնում: Ինքը կարողացավ ցույց տալ, որ ես Շուշանն եմ, ունեմ նմանություններ Էլենի հետ, բայս դա ֆիլմ է և ուրիշ է:
Տարբերություններից կնշեմ, որ խեղճ չեմ, ճիշտ է՝ խուսափում եմ կոնֆլիկտներից, որովհետև հաճույք չեմ զգում ասելով՝ այսինչ բանը դուրս չեկավ: Ես ու Էլենն այնքանով ենք նման, որ շատ բաներ կարող ենք հասկանալ, բայց չբարձրաձայնել, սակայն ես Էլենի չափ համբերություն չունեմ, այն ինչ նա արեց սիրելիին հասնելու համար, ես չէի անի, այդքան չէի պայքարի: Գուցե չունեմ իմ կողքին էդպիսի մեկը կամ չունեմ այդ խնդիրը, բայց ինձ թվում է` իրական կյանքում այդքան բանից հետո էլի սիրելն ու պայքարելը չափազանց է:
- Երբ կողքիդ լինում է պրոֆեսիոնալ մարդ, քո անփորձությունն ավելի է ընդգծվում: Տվյալ դեպքում ֆիլմի առաջին կեսում քո հիմնական խաղընկերը շատ փորձառու մարդ էր` Աիդա Բաբաջանյանը: Ի՞նչ դժվարություններ կային սկզբնական շրջանում:
- Մոտ վեց-յոթ ամիս ես արել եմ այն, ինչ կարողացել եմ անել, այսինքն` դեռ ինձ չէի գտել: Սցենարով էլ ինձնից միշտ նույնն էր պահանջվում: Սա այն դեպքն էր, երբ ես զգում էի դժվարություն, բայց հավեսով ուզում էի հաղթահարել դա: Ես զգում էի, որ նա ուզում է ինձ սովորեցնել, ոգևորում է, որ ես ցանկանամ ինձ ուղղել, կարող էր 1 ժամ «ստոպ» տալ, բայց տրամադրել: Ցույց էր տալիս, որ տեսախցիկը լավ բան է, դու կարող ես շատ սիրուն երևալ, ճանաչված լինել, էստեղ քեզ համար են եկել, քեզ են նկարում: Քաջալերում էր հոգեբանորեն: Դրա համար էլ մտածում եմ, որ ուղղակի ինքը պետք է լիներ իմ մաման, ուրիշ դերասանուհի չէր կարող:
- Ժամանակին ցանկություն ունեիր բացասական կերպար մարմնավորել: Հիմա՞ էլ ունես այդ ցանկությունը, թե՞ մտավախություն ունես, որ գուցե չընդունվի:
- Մտավախությունս շատ մեծ է: Հիմա՝ կոնկրետ Էլենին մարմնավորելուց հետո, բացասական դեր չեմ խաղա, որովհետև այդ կտրուկ տարբերությունը լավ բանի չի բերի, ես արդեն զգում եմ դա: Կարծում եմ՝ այն մարդկանց, ում ես հետաքրքիր եմ, կարելի է աստիճանաբար բերել դրան: Ես ուզում էի բացասական դեր խաղալ, որ հասկանայի՝ ինձ այլ կերպարո՞վ էլ կընդունեն ու կսիրեն, կկարողանա՞մ բացասական դերը լավ խաղալ. ի վերջո, հասկանամ` տարբեր կերպարներում կկարողանա՞մ լավ ներկայանալ:
- Իսկ ինչպիսի՞ կերպար կցանկանաս մարմնավորել:
- Կարող է լինել բացասական, բայց շատ համով կերպար: Կարծում եմ՝ դա դերասանից է գալիս, դերասան կա` բացասական դեր է խաղում, բայց իրեն ավելի ես սիրում, քան դրականին: Հիմա կուզեմ կայացած, պայքարող աղջկա մարմնավորել, օրինակ, բիզնես լեդիի :)
- Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես: Կա՞ն արդեն առաջարկներ, որոնք ընդունել ես:
- Առաջարկներ կան, հետաքրքիրն այն է, որ ինձ կրկին առաջարկում են Էլենի տեսակն ունեցող դերեր: Մեզ մոտ, չգիտես ինչու, այդպես է, եթե ինչ-որ մեկը լավ է մարմնավորում գողի, իր բոլոր կերպարներն էդպիսին են դառնում, բայց ես չեմ ուզում նույն կերպ ներկայանալ, քանի որ այլևս հետաքրքիր չի լինի. մոնոտոն ու ձանձրալի կդառնամ, սիրուն տիկնիկ` էկրանին, որն այլևս տպավորիչ չէ: Ես ուզում եմ մարդիկ առաջընթաց տեսնեն: Եթե դա չլինի, կմտածեմ, որ իզուր եմ այս ուղին ընտրել:
- «Ե՞ս Yes!»-ի փետրվարյան համարում դերասանների քննություն էինք անցկացրել թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ: Կարդացե՞լ ես: Հետաքրքիր է՝ ի՞նչ զգացողությամբ:
- Ահավոր վախ կար: Ես նկարահանման հրապարակում էի, մեր ֆիլմից Նառան (նկատի ունի հորքուրի դերակատար Նաիրա Դիլանյանին-հեղ.) «Ես»-ն էր կարդում, զգացի, աժիոտաժ կա, մեր երեխեքի մասին է գրված, ասացին` Շուշ, դու էլ կաս, նայեցի` Լևոն Մութաֆյանն է քննել դերասաններին: Ես վախենալով վերցրեցի` համ չէի ուզում գտնել ինձ, համ ուզում էի, մտածում էի` քննադատում է, ուրեմն՝ ինչքան վատ բան կա, ասած կլինի: Որոշեցի կարդալ նախ՝ մյուսներինը, հետո` իմը, հասա ինձ, կանչեցին նկարահանման, ճիշտն ասած, ուրախացա, մտածեցի` լավ, վերջում կկարդամ, որովհետև գուցե կարդամ ու չկարողանամ նկարահանվել: Այդ ընթացքում մամաս արդեն կարդացել էր, զանգեց ու ասաց՝ իմ մասին ինչ է ասել, մի քանի այլ դերասանների մասին ինչ է ասել: Մի քիչ թեթևացա, բայց մտածում էի, որ գուցե մաման կեսն է ասել, հետո ես կարդացի իմ ու մյուսների մասին, ում մասին ես շատ լավ կարծիքի էի: Ինձ ուրախացրեց, որ ինձ մոտ դերասանական խաղի աճ են նկատել. դուրս եկավ այն, որ սկզբում վատ էր, հիմա լավ է, ես դա ընդունում եմ, որովհետև անփորձ էի: Զգացի, որ լավ է ու էլի կաշխատեմ:
- Շուշաննա, հիմա երկրպագուներիդ բանակը բավականին մեծ է, սակայն երբ նոր էիր հայտնվել էկրանին, քո նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք կար: Ինչպե՞ս էր դա անդրադառնում քեզ վրա:
- Քննադատությունները շատ էին: Ես անփորձ հայտնվել էի այնտեղ, գումարած այդքան քննադատությունը. իմ մասին ասում էին` ում են բերել, ավելի լավ էր` ես իր դերը խաղայի իմ չդերասան լինելով, ոնց կարա Միհրանը իրան սիրի և այդօրինակ այլ բաներ: Այդ ժամանակ չէի խորանում` ով է ասում և ինչու, հետո զգացի, որ դա խանդ է, նախանձ կամ մի այլ բան:
- Նախ՝ խիստ բացասական, հետո՝ խիստ դրական ընկալվեցիր հասարակության կողմից: Ի՞նչ ես կարծում, ինչո՞վ էր պայմանավորված այդ անցումը:
- Կարծում եմ` ինչ-որ տեսարանների արդյունքում, գուցե, էլինին և Մերիին համեմատության մեջ դնելով հասկացան, որ ուզում են Գոռի կողքին բարի աղջկա տեսնել: Սերիալի սկզբում մեր հասակների տարբերությունն էր շատ քննադատվում, հետո հակառակը՝ սկսեցին մտածել, որ ավելի լավ է:
- Բացասական վերաբերմունքը երբևէ սթրեսի առիթ դարձե՞լ է:
- Սթրես չեմ ապրել, ուղղակի դա այն պահն էր, երբ ինձ պետք էր ոգևորվել, բայց անընդհատ քննադատում էին, ինչից բարդութավորվում էի: Նույնիսկ այն, ինչ կարող էի անել, մտածում էի՝ անեմ, դա էլ կքննադատվի: Ինքնաբերաբար չէի ուզում գեղեցիկ երևալ, ինչ-որ նոր բան անել, որ մարդկանց ինչ-որ բան ապացուցեի:
- Այդ շրջանում սոցցանցերում գրանցված չլինելդ միտումնավո՞ր էր: Որքանո՞վ դա քեզ օգնեց:
- Երևի լավ էր, որ չկայի, որովհետև ավելի կպարփակվեի ու կհասկանայի, որ սխալ տեղում եմ: Կարծում եմ` դա ճակատագրական էր, չնայած գիտակցաբար չեմ արել: Ես ուղղակի չէի սիրում սոցցանցեր: Հետո արդեն գրանցվեցի, քանի որ կեղծ էջեր շատ կային ոււ սխալ տեղեկություններ էին տարածվում, հասկացա, որ պետք է էջ բացեմ:
- «Ծանոթի միջոցով նկարահանվեց» արտահայտությունը վստահաբար քեզ էլ հասած կլինի: Ընտանիքումդ հեռուստատեսության հետ կապ ունեցող մարդիկ կա՞ն:
- Ընտանիքումս ոչ մեկ ոչ մի կապ չունի արվեստի հետ, ու հենց դա էր պարադոքսը, երբ ընտրվել էի «Հրեշտակների դպրոցի», հետո՝ «Դժվար ապրուսի» քասթինգների ժամանակ: Երբ զանգում էի մամայիս ու ասում, որ ինձ ընտրել են, մամաս մտածում էր, թե կատակում եմ, որովհետև երբևէ տանն ինչ-որ բան չեմ արել, որից ենթադրեր, որ կարող եմ դերասան դառնալ: Ինքս էլ միշտ մտածել եմ, որ ճարպկությամբ դերասան չեն դառնա ու չեմ պատկերացրել, որ ունեմ այդ ջիղը: Սակայն ռեժիսորն ինչ-որ բան նկատել է իմ մեջ ու ընտրել:
- Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված դպրոցն ավարտելուց հետո այդ ուղղությամբ գնալը:
- Երբ 7-8-րդ դասարան էի, ընդունվեցի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժին, որովհետև ձանձրանում էի ամռանը, ուզում էի ինչ-որ խմբակի գնալ: Երբ ավարտեցի, դպրոցս ավարտելու տարին էր նաև ու պետք է որոշեի՝ ինչ մասնագիտությամբ եմ շարունակելու: Որոշեցի լրագրող դառնալ, պարապում էի, որ ընդունվեմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բայց հասկացա, որ չէ, ես ուզում եմ եթերում լինել: Ընդունվեցի մանկավարժական համալսարան, որովհետև լսել էի, որ կա մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին, որն ավարտելուց հետո կարող եմ դառնալ հաղորդավար: Ընդունվեցի, հետո մի դերասանական ստուդիայի շատ հետաքրքիր գովազդ տեսա. գովազդում էին ձիավարություն, սուսերամարտ և այլն, որոնց առանձին չէի գնա, բայց ցանկանում էի տիրապետել: Ինձ համար բացահայտում էր դա. երկու բան գտա, որտեղ ամեն ինչ կար ու որոշեցի նաև այնտեղ ընդունվել: Մտածում էի՝ այն մակարդակի չեմ, որ ինձ նկարահանեն ֆիլմում, բայց գոնե խմբակային ինչ-որ բեմադրություններում կխաղամ: Հետաքրքիրն այն է, որ երբեք չեմ վազվզել այս քասթինգից մյուսը: Երկու քասթինգի եմ մասնկացել՝ դասախոսներիս՝ Էրիկի և Աբելի խորհրդով ու անցել եմ: «Դժվար ապրուստի» քասթինգին Դիանան ինձ նախ հավանեց արտաքնապես, ինքը հենց այդպիսին էր պատկերացնում Էլենին, հետո հասկացան, որ կարող են ինձանից ստանալ այն, ինչ ցանկանում են ու սկսեցի նկարահանվել: Աշխատում էի ինչ-որ անիմաստ գրաֆիկով՝ առավոտյան 8-ին գնում էի, լուսադեմին` 5-ին վերադառնում տուն: Նկարվում էի առանց հասկանալու, որ ինձ արդեն ճանաչում են: Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Սկսեցի նկարվել, քննադատվել, ճանաչվել...
- Ընտանիքդ ինչպե՞ս ընդունեց այդ փաստը:
- Քանի որ Էլենի և իմ կյանքում զուգադիպություններ շատ կային, մերոնք մտավախություն ունեին, որ կարող եմ հոգեբանորեն ճնշվել: Սկզբում իմ ընտանիքում այդ խոսակցությունները կային, ասում էին` ախր, հենց դու պիտի խաղայիր էս դերը, առավել ևս, առաջին մի քանի սերիաները, երբ Էլենը սգում էր հոր մահը: Կային փորձություններ, որոնց միջով իմ ընտանիքն էլ էր անցել, գուցե ոչ նույնատիպ, բայց մեզանում էլ է եղել այն գաղափարը, որ քիչ ենք ու պիտի իրար սատարենք: Ֆիլմում մայր ու աղջիկ էին, մեր ընտանիքում` ես, եղբայրս ու մայրս:
Ընտանիքիս անդամների մոտ սերիալը դիտելիս բարդութավորվում էի, որովհետև ես այնտեղ ուրիշ մարդ էի. բոլորը լուրջ էին, ես էլ: Առաջին անգամ ինչ-որ բան էի անում ու դրա համար գումար ստանում: Զգում էի, մամաս էլ էր զարմանում՝ նայում էր էկրանին, նայում էր ինձ… Ամաչում էի, նախընտրում էի, որ իրենք իմ բացկայությամբ դիտեն այն: Ես այս ամենին երկու բնորոշում ունեմ՝ պատահական ոչինչ չի լինում, ես ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում:
- Նշեցիր, որ երբ նոր էիր նկարահանվում, բարդութավորվում էիր, երբ եթերով նայում էին քեզ: Մայրիկիդ հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունես:
- Չեմ ասի, թե մամայիս հետ ընկերուհիներ ենք, երևի դա ինձանից է գալիս, քանի որ մի քիչ փակ եմ, ինձ պիտի բացեն… Մամայիս հիմնականում ասում եմ արդյունքը, ինչ է եղել: Ես շատ չեմ խոսում իմ հոգեվիճակի մասին:
Երբ Մարտի 8-ին «Կանանց սիրունդը» լույս տեսավ ու մամային ցույց տվեցի, մամաս կարդաց «Շուշաննա Թովասյանի 9 զենքերը», զգացի` անակնկալի եկավ... Կանացի նյութ է, 9 զենք, զգում էի՝ մամաս մտածում էր՝ դու արդեն մեծ ես ու կանացի զենքեր ունես… հետո ինձ էր նայում: Կարդաց դա այն ժամանակ, երբ սենյակում չէի ու իր հայացքից զգացի, որ մտածում էր՝ ես դա ապրե՞լ եմ, օգտագործե՞լ եմ այդ զենքերը: Հետո էնպես էիր գրել, որ զուտ աֆորիզմներ չէին, թիրախային բաներ կային, որ յուրաքանչյուր կին ապրել է… Մամաս մտքերի մեջ էր ընկել :)

- Իսկ եղբո՞րդ հետ: Խի՞ստ է:
- Մենք շատ տարբեր ենք: Ինքն այն հայ տղաներից է, որ ոչ իր կինը, ոչ քույրը չեն կարող նկարահանվել ֆիլմերում: Երբ մտա այս ոլորտ, կային խոսակցություններ, դժգոհություններ, թեև երբևէ լուրջ վեճ չենք ունեցել: Ընթացքում ինքն էլ է ընտելացել: Հիմա արդեն այն մարդիկ, ովքեր սկզբում դեմ էին, հարցնում են` նոր ծրագրեր չկա՞ն :)
- Մենք առիթ ունեցել ենք հերքելու քո և Միհրան Ծառուկյանի սիրավեպ ունենալու մասին լուրերը: Սակայն մեկնաբանությունների հատվածում գրում էին, որ դուք ուղղակի գաղտնի եք պահում հարաբերությունները: Հերքումից օրեր անց Արամեի և Աննայի հետ արած «Ե՞ս Yes!»-ի ֆոտոշարքը ֆոտոշոփ արեցին՝ դարձնելով Միհրանինն ու Շուշաննայինը: Ընդ որում՝ նրանք կապում են ոչ թե Էլենի և Գոռի, այլ Միհրանի և Շուշաննայի անունները: Խոսակցությունները իրական հիմք ունե՞ն:
- Իսկապես նման բան չկա: Ամեն ինչ ֆիլմի շրջանականերում է եղել: Հասարակությունը խառնում է Էլեն-Գոռ հարաբերությունները Միհրան-Շուշան հարաբերություններին: Կարող է Միհրանը էլենին սիրեր, եթե նա իրականում լիներ, Շուշանին՝ չէ, և հակառակը՝ ես Գոռին սիրեի, Միհրանին՝ ոչ: Մարդիկ պետք է հասկանան, որ ֆիլմի կերպարներն ու իրական կերպարները միանգամայն տարբեր են: Ես ու Միհրանը երբևէ իրար չենք սիրել:
- Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք:
- Գործնական-ընկերական: Մենք մոտ ընկերներ չենք: Թեկուզ ընկերական հանդիպումներ չենք ունենում, այդ իսկ պատճառով սուտ է, որ ասում են՝ մեզ տեսել են այսինչ վայրում: Նման բան ուղղակի անհնար է, որովհետև մենք մտերիմ էլ չենք, որ ասեմ՝ լավ, ընկերական հանդիպել ենք, տեսել են, վերագրել են անձնականի: Ֆիլմի շրջանակներում նա իր ընկերները, մտերիմներն ունի, ես՝ իմ:
- Որքան էլ տարօրինակ է, ծայրահեղ երկու տեսակետ կար. մի դեպքում, որ դուք գաղտնի սիրավեպ ունեք, մյուս դեպքում, որ լարված հարաբերություններ ունեք:
- Հա, բայց վատ լինելու տարբերակ էլ չկա, որովհետև այս երկու տարվա ընթացքում երբևէ չի եղել, որ ինչ-որ կոնֆլիկտ ունենանք կամ իրար չհասկանանք, մենք նորմալ արել ենք այն, ինչ պահանջվում էր Էլենից ու Գոռից:
- Իսկ հարաբերություններում որոշակի սառնություն կա՞:
- Չէ, ի սկզբանե ինչպես եղել է, այնպես մնացել է, չի եղել տաք, հետո` սառը, կամ սառը, որ հետո ջերմացել է: Մեր միջև եղել են ստանդարտ, միջին հարաբերություննր՝ ոչ տաք, ոչ սառը:
- Քո և Մերիի հարաբերություններն էլ են շատ քննարկվել: Այն, որ ընկերուհիներ չեք, ակնհայտ է: Ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա:
- Մերիի դեպքում մեզ կապում են բացառապես գործնական հարաբերությունները: Մենք երբևէ կոնֆլիկտներ չենք ունեցել. ոչ թշնամիներ ենք, ոչ ընկերուհիներ:
- Ֆիլմի անձնակազմից ու՞մ հետ ես մտերիմ:
- Ես բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, բայց կան մի քանիսը, ում ինձ ավելի մտերիմ եմ համարում` Աիդա Բաբաջանյանը, նկարահանող խմբից որոշ մարդիկ: Անուներ չեմ ուզում տալ, որովհետև երիտասարդների շրջանում չկա մեկը, ում հետ ավելի մտերիմ եմ:
- Նշեցիր, որ ֆիլմի շրջանակներում էլ բոլորի հետ լավ հարաբերություններ ունես, բայց մտերիմներ գրեթե չունես: Մարդամո՞տ ես, հե՞շտ ես ընկերանում:
- Ընկերասեր եմ, շուտ եմ մերվում մարդկանց հետ, բայց ինձ մոտ ընդունել, մոտ թողնել չեմ կարող: Կարծում եմ՝ սխալ է, երբ ամբողջությամբ բացահայտվում ես: Սակայն նա, ում հետ շատ մտերիմ եմ, գիտի` ինձ հետ ինչ է կատարվում, Լիլիթն է (նկատի ունի Լիլիթ Ամիրգուլյանին, ով այժմ իր մենեջերն է- հեղ.):
- Քո և Լիլիթի ծանոթությունն ու մտերմությունը հետաքրրքիր նախապատմություն ունի: Կպատմե՞ս:
- Ինքն ինձ տեսել էր հեռուստատեսությամբ ու որոշել գտնել: Գոռի և Էլենի առաջին հարսանիքի ժամանակ եկել էր նկարահանման հրապարակ, ճանապարհին հանդիպեցինք, ասաց՝ քեզ առաջարկ ունեմ ու իր այցեքարտը տվեց: Հետո ես կորցրել էի այցեքարտն ու շատ վատ էի ինձ զգում, ինքն էլ մտածում էր՝ ձև եմ տվել ինձ, չեմ զանգում: Ես իրեն տվել էի իմ հեռախոսահամարը. նա որոշել էր վերջին անգամ կապ հաստատել ինձ հետ: Շատ ուրախացա, պայմանավորվեցինք հանդիպել ու առաջին օրվանից հասկացա, որ նույն նախասիրություններն ունենք, աշխարհայացքը… Ընկերացանք: Ես ոչ ոքի հետ այդքան մտերեմ չեմ: Երբ ինձ հարցնում են՝ ո՞վ Է Լիլիթն ինձ համար, ոչ կարող եմ անընդհատ բացատրել՝ ինչ դեր ունի նա իմ կյանքում, ոչ էլ ասել` մենեջերս կամ պրոդյուսերս է, քանի որ մեր միջև զուտ գործնական հարաբերություններ չեն: Կարճ կարող եմ ասել՝ մտերիմ ընկերուհի է, ով նաև իմ մենեջերությամբ է զբաղվում. ինքը Լիլոս ա :)
- Անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն: Ընտրյալ ունե՞ս:
- Չէ: Սակայն այնպիսին չեմ, որ ասեմ՝ հիմա չեմ ուզում, կարիերայով եմ զբաղվում, ոչ էլ ասեմ՝ ուզում եմ ամուսնանալ: Ամեն ինչ թողնում եմ ինքնահոսի, կլինի այնպես, ինչպես կստացվի: Ուղղակի բավականին բծախնդիր եմ տղաների հարցում: Շատ պահանջներ ունեմ, որոնք այսօրվա տղաների մեջ քիչ են: Չեմ սիրում անլուրջ տղաների:
- Կանանց միամսյակն է: Այս ընթացքում տղա երկրպագուներիդ կողմից հետաքրքիր անկնկալներ եղե՞լ են:
- Իմ դեպքում աղջիկ երկրպագուներն ավելի շատ են ու նպատակասլաց: Մի քանի օր առաջ երկու աղջիկ եկել էին մեր տուն: Տան տեղը հասկացել էին` դիտելով «Տնից տուն» հաղորդումը: Որոշել էին, որ ուզում են ինձ տեսնել ու եկել էին :) Տղաները հիմնականում զանգում են՝ ասում, որ ինձ հասնելու են, չզարմանամ ու վերջ :)
- Ինչպե՞ս ես հիմա անցկացնում ժամանակդ: Որտե՞ղ ես սիրում լինել:
- Սիրում եմ բոուլինգ խաղալ, ու Լիլիթի հետ միշտ խաղում ենք, երկուսս էլ լավ ենք խաղում ու իրար հետ մրցում ենք :) Վաղուց որոշել էի մարզասրահ գնալ, բայց ժամանակ չէի ունենում, հիմա արդեն գնում եմ շեյփինգի ու մարզասարքերի վրա պարապելու, մայիսին երևի լողի կգնամ: Քննություններիս եմ նաև պատրաստվում: Բացի այդ, հիմա աշխատանքային պրոցեսն ուղղակի կադրից դուրս է տեղափոխվել, ինչ-որ բաներ եմ քննարկում, հասկանում, որոնցով որոշ ժամանակ անց կսկսեմ զբաղվել: Այս ընթացքում կհասկանամ նաև Էլենի պուպուշ կերպարից դուրս Շուշաննայի՞ն էլ են սիրում ու սպասում:
- Շնորհակալ ենք քո մասին առաջին ծավալուն անդրադարձը «Ե՞ս Yes!»-ին վստահելու համար:
- Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել «Ես»-ի խմբագրությանը, որովհետև ամեն ինչ ճիշտ եք լուսաբանում: Ըստ իս՝ դա ամենակարևոր բանն է հայտնի մարդու համար: Շատ դեպքերում կարող ես ասել մի բան, բայց դա սխալ լուսաբանվի, այնպիսի բան դարձնեն, որ իրենց դիտումներն ավելացնեն, իսկ դու տուժես: Շնորհակալություն «Ես»-ին, որ ամեն ինչ լուսաբանում եք այնպես, ինչպես կա:
Ինչպես նաև հիշեցնենք, որ «Կանանց սերունդ» ամսագրի համարի դեմքը սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է: Պարզեք, թե որո՞նք են կնոջ կարևորագույն զենքերը, դրանց օգտագործման կանոնները, և ինչպե՞ս է սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանն կիրառում դրանք:
Որո՞նք են Շուշաննա Թովմասյանի ինը զենքերը:



