Հայտնի իրողություն է, որ դեմոկրատական, իրավական պետության հաստատմանը հնարավոր է հասնել միայն մի քանի սերնդափոխությամբ: Այս թեզի կողմնակիցները, որոնք շատ են նաև ՀՀ-ում, հղում անելով մի քանի ժամանակակից եվրոպական դեմոկրատական պետությունների ձևավորման պատմությանը՝ հայտարարում են, թե անհիմն են սպասելիքները, որ Հայաստանի նման երկրում մոտ ժամանակներում կարող է ձևավորվել դեմոկրատական ռեժիմ։ Անշուշտ, հատկապես 19-րդ դարում ձևավորված առաջին ժամանակակից լիբերալ-դեմոկրատական պետությունների պատմությունն առանձնանում է հարյուրամյակներ տևած այնպիսի ինստիտուտների ձևավորմամբ, որոնք հիմք են ծառայել այդ երկրներում դեմոկրատական համակարգերի հաստատման համար։
Սակայն 1974-ից սկսված դեմոկրատիայի «Երրորդ ալիքը» կարճ ժամանակատվածում ժողովրդավարական է դարձրել մի քանի տասնյակ պետություններ, որոնց թվում են միմյանցից շատ չափանիշներով տարբերվող այնպիսի պետություններ, ինչպիսիք են, օրինակ, Պորտուգալիան և Հարավային Կորեան, Լեհաստանը և Թայվանը, Չիլին և Բենինը և այլն։ Պետք է նշել, որ դրանց մեծ մասը դեմոկրատացման նախաշեմին ռազմական բռնապետություններ կամ միակուսակցական ռեժիմներ էին և զուրկ էին ժողովրդավարական հարուստ ավանդույթներից ու ինստիտուտներից, բայց ունեցել էին, թեկուզ թերի, դեմոկրատիայի կարճաժամկետ փորձ։
Բազմաթիվ երկրների հաջողվել է կարճ ժամանակում կատարել արմատական դեմոկրատական փոփոխություններ, վստահաբար կարելի է նաև ենթադրել, որ ՀՀ-ում նույնպես դա հնարավոր է։ Նշենք, որ ժողովրդավարացմանը նպաստող պայմաններից են համարվում նաև միջին խավի առկայությունը, գրագիտության լայն տարածվածությունը, եկեղեցու պրոդեմոկրատական դիրքորոշումը (ինչպես, օրինակ, Լեհաստանում էր, երբ կաթոլիկ եկեղեցին բացահայտ սատարում էր «Solidarność» շարժմանը), գերպետությունների աջակցության առկայությունը և այլն։
Ինչպես ցույց է տալիս դեմոկրատիզացիայի համաշխարհային փորձը, դեմոկրատիա դառնալու համար պարտադիր չէ, որ լինեն բոլոր այս պայմանները: Կան դեպքեր, երբ առկա են լինում առավելագույն նպաստավոր պայմաններ, սակայն դեմոկրատիայի հաստատում տեղի չի ունենում, և հակառակը, նվազագույն նպաստավոր պայմանների պարագայում պետությունը կարճ ժամանակում դառնում է դեմոկրատական։
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում դեմոկրատիա հաստատվել է հիմնականում այն երկրներում, որտեղ եղել են հզոր պրոդեմոկրատական շարժումներ։ Իհարկե, դա դեռևս չի նշանակում, որ դեմոկրատական ռեժիմը հաստատվել է հենց միայն այդ շարժումների շնորհիվ, բայց փաստ է, որ վերոնշյալ շարժումների առկայությունը եղել է դրա հիմնական պայմաններից մեկը, եթե ոչ ամենահիմնականը։ Նման շարժումներն այնպիսի նպատակներ և խնդիրներ են հետապնդում, որոնք հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու պոտենցիալ ունեն։