Երազելով հարսանեկան ճոխ, հեքիաթային զգեստի մասին` դժվար թե որևիցե աղջիկ մտածեր, որ շատ ավելի հեշտ է այդ զգեստը նկարել թղթի վրա, քան բազմազան զգեստների միջից ընտրություն կատարել: Այնուամենայնիվ գալիս է մեկօրյա արքայադուստր դառնալու հրաշալի պահը և հարսանեկան զգեստի ընտրությունը դառնում է անհրաժեշտություն:

Տարբեր հետազոտողներ հարսանեկան զգեստի ծագման մասին տարբեր կարծիքներ են հայտնել: Կարծիք կա, որ նախկինում պսակադրության զգեստը ամենից առաջ հայտնվել է Եվրոպայում նապոլեոնյան ժամանակներում. բայց այդպիսի մոտեցումը կասկածի տեղիք է տալիս. բոլոր ժամանակներում էլ ամուսնացողները առանձնահատուկ, տոնական, «սրբազան» համարվող հագուստ են կրել: Մեր նախնիներն, օրինակ, հարսանեկան արարողության ժամանակ կրել են հատուկ տոնական տարազներ: 

Հարյուրավոր տարիներ առաջ երիտասարդ աղջիկները հարսանեկան զգեստները կարում էին ծաղիկներից և տերևներից, նրանց վրա մարգարիտներ, խխունջներ և ոսկիներ էին կպցնում` կախված սոցիալական ծագումից և բնակավայրից:
Դեռևս Հին Հունաստանում աղջիկները հարսանիքին հագնում էին երկար հարսանեկան զգեստ` «պեպլոս»:

Համարվում է, որ ժամանակակից հարսանեկան զգեստների ոճի մեջ մեծ ավանդ է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի հարսանեկան արարողությունը, որ տեղի ունեցավ 1840թ. փետրվարին: Վիկտորիայի հարսանիքից հետո բոլոր հարսնացուները սկսեցին հետևել նրա օրինակին` կրելով նրա հարսանեկան զգեստին նման զգեստներ: Մինչև այսօր էլ Վիկտորիայի կրած հարսանեկան զգեստի ոճը (սեղմիրանով/կորսետով և լայն, ուռուցիկ կիսաշրջազգեստով) համարվում է դասական հարսանեկան զգեստ: Եվրոպայից հարսանեկան այդպիսի զգեստը շուտով մուտք գործեց նաև հայերի կենցաղի մեջ:

Ժամանակի ընթացքում հարսանեկան զգեստը որոշակի փոփոխություններ է կրել: Հայտնի ֆրանսիացի մոդելավորող Կոկո Շանելը ցուցադրեց առաջին կարճափեշ հարսանեկան զգեստները: Սակայն այդպիսի հարսանեկան զգեստներ միայն դերասաններն ու մոդելներն էին կրում, այդպես էլ տարածում չգտան:

80-ական թթ. տարածում գտան գունավոր հարսանեկան զգեստները` նարնջագույն, դեղին, կարմիր… Հայ առաքելական եկեղեցին դժկամությամբ ընդունեց այս երևույթը: Սակայն հարսանեկան ճերմակ զգեստը միշտ էլ նորաձև է համարվում:

Նորաձևության հայտնի տները ամեն տարի փորձում են նորարարություն անել հարսանեկան զգեստների ոճի մեջ: Oskar de la Renta-ը վերջին հավաքածուի մեջ հարսանեկան զգեստները հիմնականում ժանյակից էր պատրաստել: Ralph Lauren-ը շեշտադրել էր մետաքսը, Jean-Paul Gauitier-ը գրեթե մերկացրեց հարսի կուրծքը. հարսին հագցնում էր շատ բաց կտրվածքով կորսետ (սեղմիրան) և բազմաշերտ կիսաշրջազգեստ: Երբեմն ոճաբանները նախընտրում են նաև թափանցիկ կտորից կորսետները:

Նորաձև են համարվում ճերմակաթույր, ոչ շատ ուռուցիկ, շղարշով և ժանյակով հարսանեկան զգեստները: Այնուամենայնիվ, այսօր ոճաբանների առաջարկած ժամանակակից հարսանեկան զգեստների տեսականին բազմազան է: ԸՆՏՐԵՔ ԼԱՎԱԳՈւՆԸ, ՁԵԶ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏԸ, ԱՅՆՊԻՍԻՆ, ՈՐԻ ՄԵՋ ԿԼԻՆԵՔ Ե՛Վ ՌՈՄԱՆՏԻԿ, Ե՛Վ ՍԵՔՍՈՒԱԼ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել