Ընթերցվածք` Ա Կորնթ. 12.8-27
Առաքելական թղթում տեղ գտած այսօրվա հոգևոր խորհուրդը վերաբերում է մեզ` քրիստոնյաներիս, և Քրիստոսի մեկ մարմին լինելու մեր գիտակցությանը: «Ինչպես մեկ է մարմինը և ունի բազում անդամներ, և մարմնի այդ բազում անդամները բոլորը մեկ մարմին են, այնպես էլ` Քրիստոս. քանզի մեկ Հոգով մեկ մարմին լինելու համար մկրտվեցինք մենք ամենքս» (Ա Կորնթ. 12.12-13):
Այսպես մենք ամենքս, որ մկրտվել ենք Հայոց Եկեղեցու ավազանում և ծնունդ առել Նրանից, մեկ մարմին ենք կազմում և պարտավոր ենք ապրել Քրիստոսի մեկ մարմին լինելու և մնալու նույն գիտակցությամբ: Սակայն ինչպես մարմնի անդամների մեջ կա կախվածություն, փոխկապակցվածություն և հարաբերություն, այնպես և քրիստոնյաներիս միջև պիտի լինի այդ, երբեմն աներևույթ, սակայն իրականում զորեղ ու պահպանիչ, գոտեպնդող կապը:
Կան մեզանում մարդիկ, ովքեր կյանքի ինչ-ինչ պայմանների թելադրանքով ակամա հայտնվում են տարբեր փորձությունների մեջ, նաև գայթակղվում տարբեր կրոնական հոսանքների դյութիչ ճառերով ու խոստումներով, ապա մոլեռանդ կամակատարը դառնում շատ դեպքերում իրենց անհայտ մղումներով առաջնորդվող քայքայիչ ուժերի ու պաշտամունքների: Առաքյալն ասում է նրանց. «Եթե ոտքն ասի` քանի որ ձեռք չեմ, այդ մարմնից չեմ, դրանով չի դադարում նույն մարմնից լինելուց: Եվ եթե ականջն ասի` քանի որ աչք չեմ, այդ մարմնից չեմ, դրանով չի դադարում նույն մարմնից լինելուց» (12.15-16): Ուստի, եթե անգամ խաբվածներն ու գայթակղվածներն ասում են, թե նույն մարմնից չեն, այդպես չէ: Մենք ամենքս նախախնամությամբ Աստծու մեկ մարմին ենք կազմում ի Քրիստոս և պետք է պահպանենք այդ մարմինն ամբողջական ու անխռով, պետք է զորացնենք մեր տկար անդամին, մեր կարողություններով օգնենք հաղթահարելու փորձությունը:
Այդ մարմնի մեջ մենք բոլորս տարբեր գործառույթներ ունենք, բոլորիս պարտականություններն էլ պատվական են և հարգելի: Սակայն պետք է անդրադառնանք, թե որքա´ն է տկարանում այդ մարմինը, երբ մենք դադարում ենք մեր շնորհներն ու կարողություններն ի սպաս դնել Քրիստոսին, երբ մկրտությունը դառնում է սոսկ ազգային սովորություն, իսկ տարբեր կրոնական կազմակերպություններով ու հոսանքներով դեգերելը` հնարավորություն` ավելիով հագուրդ տալու կյանքի զանազան պահանջներին: Օրվա խորհուրդը մեզ առաջնորդում է անհատական պատասխանատվությունից դեպի ընդհանրական պատասխանատվություն, թելադրում է անկախ ամեն հանգամանքից պարզապես հոգ տանել մեր կողքինի նկատմամբ և ապրել Սիրով, որովհետև եթե զորավոր ենք մենք միմյանցով, զորավոր է Մարմինը, զորավոր և Տերը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/505863776143573?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել