Ինչպես գիտենք, 1808 թվականին պատահած հրդեհը ավերել էր Երուսաղեմի Ս. Հարության Տաճարի կարևոր մի մասը, 1810 թվականին այն վերանորոգվեց: Սակայն դա մի անբավարար վերանորոգում էր, որով խաթարվեց Տաճարի նախկին ճարտարապետական գեղեցկությունը: Տաճարը կորցրեց իր տոկունությունը, և դրան ավելացան Ս. Երկրի հաճախադեպ երկրաշարժերը, որոնք բոլորովին խախտեցին շենքը: Այս պատճառով, շենքը փլուզումից փրկելու համար, Տաճարից թե ներս, և թե դուրս հաստատուել էին երկաթյա և փայտյա հենարաններ:
Հատկանշական է, որ Ս. Հարության Տաճարում գտնվում են մի քանի տասնյակ մատուռներ և խորաններ: Սա արդյունք է այն իրողության, որ հնուց ի վեր այն եղել է շատ քրիստոնյա եկեղեցիների սեփականությունը, որոնցից յուրաքանչյուրը ունեցել է իր պաշտամունքին հատուկ խորան:
Տաճարի սեփականության համար քրիստոնյա եկեղեցիների ներքին պայքարը, ինչպես նաև իսլամ իշխողների բռնությունները, պատճառ են դարձել, որ տասնյակ ժողովուրդներից մնան միայն Հայերը, Հույները և Լատինները, որոնք այսօր ճանաչվում են, որպես Տաճարի սեփականատերեր: Իսկ Ասորիները և Ղպտիները, որպես Հայերի հետևակներ, որոնք ունեն պաշտամունքի, բայց ոչ սեփականության իրավունք: Իսկ սեփականության իրավունքն էլ գործածվել է հետևյալ երկու ձևերով.
Ա.- Միջազգային սրբավայրեր, որոնք են Պատանատեղին և Ս. Գերեզմանը և վրան կառուցված մեծ բոլորաշեն տաճարը, որոնք պատկանում են և գործածվում միայն հայերի, հույների և լատինների կողմից:
Բ.- Ազգային սրբավայրեր. Մնացած բոլոր խորաններն ու սրբավայրերը, որոնք պատկանում են և գործածվում վերոնշյալ համայնքներից միայն մեկի կողմից:
Ս. Հարության Տաճարում որևէ նորոգություն և կամ ծրագրված մեծ վերանորոգություն կատարվում է երեք ազգերի համաձայնությամբ և ծախսով:
2015 թ. Իսրայելի հնագիտական վարչությունը սեփականատեր երեք համայնքների ուշադրությանը հանձնեց, թե Քրիստոսի Ս. Գերեզմանը այցելու ուխտավորների համար ավելի վտանգավոր է դարձել, քանի որ մատուռի քարերը տեղաշարժվել են և մի օր այն կարող է փլվել:
Երեք համայնքների՝ հայերի, հույների և լատինների կողմից 2016 թ. Մարտի 22-ին ստորագրվեց Քրիստոսի Ս. Գերեզմանի նորոգության համաձայնագիրը և Զատիկից հետո սկսեցին վերանորոգման և վերականգնողական աշխատանքները:
Այսօր, 2017 թ. Մարտի 22-ին, առավոտյան ժամը 10-ին, վերանորոգման համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց, Ս. Հարության Տաճարում տեղի ունեցավ Քրիստոսի Ս. Գերեզմանի վերաբացման արարողությունը: Արարողությունը նախագահում էին Ս. Հարության Տաճարի երեք իրավատեր ազգերի՝ Հայերի, Հույների և Լատինների հոգևոր պետերը՝ Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյան՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Ամեն. Տ. Թեոֆիլոս 3-րդ՝ Երուսաղեմի Հույների Պատրիարքը և Հոգշ. Տ. Ֆրանչեսկո Փաթոն՝ Ս. Երկրի Քուստոդը: Ս. Գերեզմանի վերաբացման արարողության բարեբաստիկ առիթով Ս. Երկիր էին ժամանել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Նաթան Արք. Հովհաննիսյանը, Եգիպտոսի Հայոց առաջնորդ՝ Գերշ. Տ. Աշոտ Եպս. Մնացականյանը, Հունաց Տիեզերական Պատրիարք՝ Ն. Ա. Տ. Բարդողիմեոս 1-ինը, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար՝ Պրն. Էդվարդ Նալբանդյանը, Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ Պրն. Արմեն Մելքոնյանը և Հունաստանի վարչապես՝ Պրն. Ալեքսիս Ցիփրասը: Նորոգության ընդհանուր ծախսը կազմել է 3.4 մլն. Եվրո, որ հավասարապես հոգացել են երեք սեփականատեր հարանվանությունները:
Արարողության ընթացքում Ս. Աթոռիս Գահակալ Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք բարոյական ու ֆիզիկական աջակցություն են ցուցաբերել Ս. Գերեզմանի վերանորոգման աստվածահաճո գործին: Իր խոսքում Ամեն. Պատրիարք Սրբազան Հայրը Հույների Ամեն. Պատրիարք Սրբազանին և Ս. Երկրի Քուստոդին խնդրեց արտոնել Ասորի, Ղպտի, Հաբեշ, Անգլիական և Բողոքական եկեղեցիներին Զատիկից հետո տարվա մեջ միայն մեկ անգամ Ս. Պատարագ մատուցել Քրիստոսի Ս. Գերեզմանի վրա: Այս խնդրանքը պիտի քննարկվի Ստատուս Քվոյի կոմիտեի կողմից և եթե համաձայնություն լինի, ապա այն կվավերացվի երեք համայնքների պետերի ստորագրությամբ: Արարողության ընթացքում Ժառանգավորաց Վարժարանի երգչախումբը Պրն. Վարուժան Մարգարյանի խմբավարությամբ կատարեց Արևագալի շարականներից «Լույսը», Ս. Պատարագից «Օրհնյալ է Աստված», «Քրիստոս ի մեջ» երգերը և Հարության շարականներից «Գովյա Երուսաղեմ»-ը:
Վերաբացման արարողությունը իր լրումին հասավ միասնական Տերունական Աղոթքով: