Գյուղատնտեսությունը համարվում է ՀՀ տնտեսության հենասյուներից մեկը և այն կարիք ունի մշտական ուշադրության: Ճիշտ է, այս ոլորտը միշտ էլ գտնվել է գործադիրի ուշադրության կենտրոնում, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա վերանայելու գյուղատնտեսության աջակցության ծրագրերը։ Հատկապես որ դրանք ոչ միշտ են արդյունավետ իրականացվում և ծառայում իրենց նպատակին։ Ծրագրերի իրականացման գործընթացը վերանայելու և պարարտանյութերի սուբսիդավորման ծրագիրը առաջին անգամ մրցույթով կազմակերպելու արդյունքում, օրինակ, հաջողվեց տնտեսել 1,1 մլրդ դրամ։
Այս ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ գյուղտեխնիկայի առումով երկրում վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ, ուստի որոշվել է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սուբսիդավորման առանձին ծրագրերի փոխարեն գումարներն ուղղել գյուղտեխնիկայի ձեռքբերմանը։ Այս հարցը կառավարությունը մտադիր է լուծել լիզինգի կիրառման միջոցով։
Արդեն հաստատվել է գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը տնտեսավարողներին մատչելի պայմաններով՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ըստ գյուղնախի հաշվարկների՝ այս տարի լիզինգի ծրագրով գյուղացիական տնտեսությունները ձեռք կբերեն մոտ 2,2 մլրդ դրամի գյուղտեխնիկա, որի դիմաց կառավարության սուբսիդավորումը կկազմի 120 մլն դրամ։ Ակնկալվում է, որ գյուղտեխնիկայի թարմացումը նպաստավոր պայմաններ կստեղծի գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և արտադրության արդյունավետության բարձրացման համար: