Արցախի Հանրապետությունում մեկնարկած բլոգերների միջազգային ֆորումի անցկացման իրողությունը, որին մասնակցում է ավելի քան 30 բլոգեր 11 երկրներից, սառը ցնցուղ է Ադրբեջանի իշխանությունների համար։ Բլոգերների միջազգային ֆորումի կազմակերպումը կարևորագույն նշանակությունի ունի հետևյալ առումներով։ Նախ՝ միջազգային ֆորումի կազմակերպումն ինքնին, ըստ էության, բլոգեր Լապշինի գործի շարունակությունն է, որտեղ դիվանագիտական-քաղաքական հարթություններում ներգրավված էին միջազգային իրավունքի մի քանի սուբյեկտներ և նախևառաջ Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք և հանդիսանում էին բլոգերի արտահանձնման հարցում շահագրգիռ կողմերը։ Այս տեսանկյունից բլոգերների միջազգային ֆորումի նախաձեռնումը Արցախում, որն առ այսօր չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, ուղղակիորեն վկայում է Լապշինի գործով Ադրբեջանի ու Բելառուսի դիվանագիտական խոշոր ձախողման մասին։ Երկրորդ՝ կարծում եմ՝ այս հարցում կա ևս մեկ կարևոր սկզբունքային հանգամանք, այն է՝ բլոգերների միջազգային ֆորումը իրականացվում է արցախյան կողմի նախաձեռնությամբ, որտեղ Հայաստանի քաղաքական մասնակցության հարց առհասարակ դրված չէ։ Եվ երրորդ՝ սա հստակ ուղերձ է ոչ միայն Ադրբեջանին ու Բելառուսին, այլև ողջ միջազգային հանրությանը՝ ի ցույց դնելով այն մոտեցումը, որ Արցախն իր պետականությունը կառուցում է ոչ թե մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությամբ, ինչպես մենք ականատես եղանք Լապշինի գործի հետ կապված Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պարագայում, այլ առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել