Հայտնի բրիտանացի ֆիզիկոս, 75-ամյա Ստիվեն Հոքինգը հայտարարել է, որ պատրաստվում է տիեզերք ուղևորվել Virgin Galactic ընկերության տիեզերանավով։ Ինչպես գրում է Daily Mail-ը՝ նա այդ մասին պատմել է ITV հեռուստաալիքի Good Morning Britain ծրագրի հետ հարցազրույցում։
Հարցին այն մասին, թե ինչ է իր համար երջանկությունը, գիտնականը պատասխանել է, որ իրեն առավել մեծ ուրախություն են բերել իր 3 երեխաները։ «Կարող եմ ասել, թե ինչն ինձ երջանիկ կդարձնի՝ ուղևորությունը տիեզերք։ Կարծում էի՝ ինձ ոչ ոք այնտեղ չի տանի, սակայն Ռիչարդ Բրենսոնը (Virgin Group-ի սեփականատեր) առաջարկեց ինձ տեղ Virgin Galactic-ում, և ես անմիջապես «այո» պատասխանեցի»։
Ավելի վաղ իր գրքերից մեկում նա կոչ էր արել մարդկությանն այլ մոլորակներ նվաճել։ Հոքինգը կարծում է, որ կյանքը Երկրի վրա գտնվում է մշտապես աճող վտանգի տակ և կարող է ոչնչացվել տարերային աղետի կամ տեխնածին աղետի հետևանքով։
Տիեզերական ուղևորությունը յուրաքանչյուր ուղևորի կարժենա 200 հազար դոլար։ Տոմսերն արդեն պատվիրել է մոտ 800 մարդ, այդ թվում, Հոքինգից բացի, Անջելինա Ջոլին և Լեդի Գագան։