«Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հայտարարության համաձայն՝ իրենց ընկերության ակտիվներում գտնվող Հրազդանի ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է փոխանակվել իրանական գազի հետ:
Փորձենք հասկանալ, թե որքանով է դա ձեռնտու հայկական կողմին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը շարունակում է ավելացնել էլեկտրաէներգիա արտահանող իր ենթակառուցվածքները:
Ամենայն հավանականությամբ, այս գործարքի արդյունքում Հայաստան է մտնելու իրանական գազից ստացված էլեկտրաէներգիա: Գործընթացի հաջող իրականացման արդյունքում ռուսական կողմը կշահի այնքանով, որ կկարողանա իրանցիների հետ գործարքի արդյունքում՝ վերջիններից ստանալով ավելի էժան բնական գազ և այն փոխանակելով համեմատաբար թանկ էլեկտրաէներգիայով՝ արագացնել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ներդրումների հետգնման և վերջիվերջո այդ կայանի հետագա արդյունավետ շահագործման խնդիրները:
Ինչ վերաբերում է Իրանի շահերին, ապա վերջիններիս կողմից արտահանվող գազի ծավալները դեպի Հայաստան ավելի կմեծանան, իսկ հայկական կողմն էլ իր հերթին կավելացնի էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, ինչն էլ հնարավորություն կտա իրանցիներին բավարարել իրենց հյուսիսային շրջանակների կարիքները:
Հայաստանը այս իրավիճակում շահում է նրանով, որ ավելացնում է էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան և դա անում է Հրազդանի 5-րդ էներգաբլոկում արտադրված էլեկտրաէներգիայի ավելացման հաշվին, որն ավելանալու է Երևանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալներին: