Картинки по запросу mevlut чавушоглуԹուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աշխատանքներ է իրականացնում Թուրքիա–Ադրբեջան–Ղազախստան եռակողմ ֆորմատ ստեղծելու ուղղությամբ։
Վերջերս, Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել մրցակցային սակագներ բեռնափոխադրումների համար:Երեք երկրների երկաթգծերի ղեկավարներն Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշոր օպերատորների ու բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների հետ:Քննարկվել են բեռների փոխադրման փոխշահավետ պայմանները:

Խոսքը գնում էր մետաղների, ցորենի, նավթամթերքների կոնտեյներային փոխադրումների սակագների իջեցման մասին՝ Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դրանք փոխադրելու ժամանակ:
Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են լավ պայմաններ առաջարկել ապրանքների տեղափոխման համար: Իրենք ուղիղ երկաթգծային կապ են բացում Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա:

Ադրբեջանա-ղազախական քաղաքական, տնտեսական կապերը միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա՝երկու երկրները թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ են, Կասպից ծովում հարևաններ են, իսկ Ադրբեջանը Ղազախստանի համար այլընտրանքային ուղի է Կովկաս, Թուրքիա և Եվրոպա դուրս գալու համար այդ թվում նոր թափ հավաքող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի օգնությամբ, որն անցնելու է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության վրա:
Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ բեռնափոխադրումներ են կատարվում՝Բաքվի նավահանսգտի ու ղազախական Աքթաու նավահանգստի միջև՝այդ քաղաքում ադրբեջանական կողմը ստեղծել է համապատասխան պահեստներ՝ իր գյուղատնտեսական և այլ ապրանքները ղազախական և կենտրոնականասիական շուկաներ արտահանելու համար: Ղազախստանին ձեռնտու է Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնումը՝ ՌԴ-ից անկախ նոր լոգիստիկ հնարավորություններ ունենալու համար արևմտյան ուղղությամբ:

Ադրբեջանը ցանկանում է դառնալ Թուրքիան ու Կովկասը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Չինաստանն ու թյուրքախոս Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային միջանցքի կապող օղակներից մեկը: Դա հնարավորություն կտա քաղաքական դիվիդենտներին զուգահեռ ստանալ կոնկրետ, ֆինանսական օգուտներ՝փոխադրումների, տարանցման, լոգիստիկ ծառայությունների համար գումարներ գանձել:
Բաքուն աստիճանաբար փորձում է նավթ արտահանող երկրից վերածվել նավթի, գազի, տրանսպորտային այլ լոգիստիկ ծառայություններ տրամադրող տարանցիկ միջանցքի՝ նվազեցնելով միակողմանի նավթագազային կախվածությունն ու բյուջեն համալրելու նոր տարբերակներ գտնել: Վերջերս էլ Ադրբեջանը, ՌԴ-ը և Իրանը պայմանավորվեցին օպերատիվ կերպով կյանքի կոչել Հյուսիս-Հարավ միջանցքը, որը նույնպես անցնելու է Ադրբեջանով: Այդ երկիրը դառնում է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկ: Չմոռանանք, որ այս տարի գործարկվելու է նաև Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։

Անկարայի ու Արևմուտքի շահերը Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Կենտրոնական Ասիա էներգետիկ–տրանսպորտային միջանցք կառուցելու առումով համընկնում են, իսկ այդ միջանցքն էլ շրջանցելու է ՌԴ–ին ու նրա հարավկովկասյան դաշնակից ՀՀ–ին։

Թյուրքական այդ միջանցքի միջոցով Անկարան տնտեսական–քաղաքական էքսպանսիա կիրականացնի Կենտրոնական Ասիայում, իսկ ղազախա–ադրբեջանական տանդեմը կկարողանա իր էներգակիրները`ՌԴ–ը շրջանցելով արտահանել եվրոպական շուկաներ և Թուրքիա։
Տրանսկասպյան միջանցքը` Չինաստան–Ղազախստան–Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա ուղղությամբ Անկարայի ու Արևմուտքի համար դառնում է աշխարհաքաղաքական և տնտեսական գերակայություն` կենտրոնական ասիական և կասպյան էներգակիրները Եվրոպա հասցնելու, ինչպես նաև Չինաստանի հզոր շուկա դուրս գալու առումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել