
Կայացավ «Հայաստանի ձայնը» նախագծի 7-րդ գալահամերգը: Մինչ այս ArmStar.am-ն արդեն ներկայացրել է հարցազրույցներ մարզիչներից Սոնայի և Սոֆի Մխեյանի հետ: Այս անգամ մենք զրուցել ենք BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխությանը Հանդիսատեսի համակրանքի մրցանակ և 2011-ին Գրեմմիի արժանացած Արտո Թունջբոյաջյանի հետ: Տաղանդավոր երաժիշտը ArmStar-ին պատմեց, թե մրցույթում ինչ համեմունք է փնտրում և ինչ չափանիշներով աշխատում:

Բոլորն էլ նկատում են, որ Ձեր խմբի մասնակիցները տարբերվում են մյուսներից: Դա Ձեր աշխատանքի և ցանկության շնորհի՞վ է, թե՞ այդպիսին են նաև նրանք:
Իմ նպատակն այն է, որ կարողանամ նրանց փոխանցել իմ կենսափորձը: Ուղղությունը գալիս է նրանցից, ես միայն առաջնորդում եմ: Այսօր շարունակում են այն մասնակիցները, որոնք նոր խոսք պետք է ասեն, դուրս մնացածները կարող են ինքնուրույն շարունակել. թող քայլեն, ես միշտ նրանց կողքին եմ:

Դուք Ձեր մասնակիցների հետ աշխատում եք՝ հաշվի չառնելով այսօրվա շատ հեռուստադիտողներիի ճաշակը և վստահ ստեղծում եք շատ յուրահատուկ և օրիգինալ համարներ: Չե՞ք վախենում, որ հեռուստադիտողը չի հասկանա Ձեզ ու չի քվեարկի Ձեր մասնակցի օգտին:
Կարևորը sms-ները չեն: Կարևորը հեռուստադիտողը հարգանքով վերաբերվի մեր աշխատանքին: Ինձ համար էականն այն է, որ որակյալ կատարում լինի: Փոքր-փոքր քայլերով եթե շարժվի մասնակիցը, նա չի ընկնի: Իրենց տաղանդը համեմունքի մեջ է, իսկ իմ գործն այն գտնելն ու կերտելն է:

Խոսեցիք համեմունքներից: Դուք անընդհատ փնտրում եք այլ համեմունք, ո՞րն է այն, և ինչպիսի՞ն պետք է լինի երգիչը կամ կատարումը, որ Դուք այն համարեք գերազանց:
Ամեն մարդ ունի իր համեմունքը, կրկնօրինակելը վատ է: Ինձ համար դա է կարևոր: Եթե նայենք աշխարհի փորձին, ապա կտեսնենք, որ այսօր օրինակ են նրանք, ովքեր և՛ տաղանդ ունեն, և՛ դրայվ, յուրահատուկ են և ինքնատիպ: Երգիչը պետք է այդպիսինը լինի, այլապես նա ինձ համար լավագույնը չէ:

Ի՞նչ մասնագիտական խորհուրդ կտայիք նախագծի բոլոր անդամներին:
Որտեղ ուզում են նրանք գնալ, ես այդտեղից եկել եմ: Իմ «ես»-ը «մենք«»-ն է: Միտքն է մեր հարստությունը, պետք է դրանով առաջ գնալ: Չմոռանալ ու կարևորել այն, որ պետք է լավ մասնագետ դառնալ, այլ ոչ թե հարսանիք երգող: Ես միշտ առաջ եմ նայում և ոչ երբեք ետ, նույնը խորհուրդ եմ տալիս նաև նրանց:

Ի՞նչ պետք է անի երգիչը, որ իր ստեղծագործական գործունեության շնորհիվ Ձեզ նման արժանանա
Գրեմմիի կամ այլ հեղինակավոր գնահատականի:
Լավ մասնագետ դառնալու ու ճիշտ գնահատականի արժանանալու համար չպետք է կարևորել կոմերցիան: Պետք է արվեստին տեղ թողնել և համբերել, արվեստի մարդը պետք է ժամանակ ունենա:
Ես իջա, որ նրանց հետ բարձրանամ, և մեր ամենօրյա աշխատանքները դրա համար են:


Լուսանկարները՝ Հայաստանի ձայնը նախագծի արխիվից



