Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է դիզվառելիքի շուկան և «Պետրոլ-Սերվիս» ընկերությունում բացահայտել խնդիրներ, որոնցով կզբաղվի դատախազությունը:
Այդ մասին «Արցախպրես»-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Մանրամասները՝ հարցազրույցում:
- Պարոն Խաչատրյան, վերջերս վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց էր տվել և հայտարարել, որ խնդիրներ են առկա դիզվառելիքի շուկայում, որոնք գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների խափանումների պատճառ են դառնում: Դուք, որպես ոլորտը համակարգող նախարարության ղեկավար, ի՞նչ քայլեր եք կատարել խնդիրները բացահայտելու և լուծելու ուղղությամբ:
- Հաշվի առնելով վերջին շրջանում դիզվառելիքի հետ կապված խնդիրների լայն քննարկումները քաղաքական և հասարակական դաշտում՝ մենք, որպես ոլորտը համակարգող լիազոր մարմին, իրականացրել ենք մի շարք աշխատանքներ:
Մասնավորապես, ձևավորել ենք աշխատանքային խումբ և իրականացրել ուսումնասիրություն հանրապետության թվով 4 դիզվառելիք ներմուծող խոշոր ընկերությունների լցակայաններից, սահմանված կարգով կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
- Առկա են արդյո՞ք փորձաքննության արդյունքները, կա՞ն խախտումներ , թե ոչ, եթե այո, ապա ո՞ր ընկերությունների կողմից:
- Այո, փորձաքննության արդյունքները արդեն հայտնի են: Նախարարությունը համագործակցել է ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի հետ: Ըստ ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության՝ հիմնական ներկրող «Ֆլեշ-Պլյուս», ինչպես նաև «Անուշ», «Ռուսլան» ընկերությունների նմուշները և «Պետրոլ–Սերվիս» ընկերության մեկ լցակայանի նմուշը, ընդհանուր առմամբ, համապատասխանել են նորմերին, իսկ «Պետրոլ–Սերվիս» ընկերության երկու լցակայաններում խնդիրներ են բացահայտվել: Մասնավորապես՝ մի դեպքում առկա է 30-35% (ծավալային) հանքային յուղ, իսկ մյուս դեպքում նմուշը, իր ֆրակցիոն բաղադրությամբ, համապատասխանել է տեխնիկական կերոսինի ցուցանիշներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։