Հարգելի պրն. Սարգսյան,
Խնդրում եմ՝ Ձեզ հավատացող քաղաքացու գրած նամակին Ձեր ժամանակից և ուշադրությունից հատկացնել:
Հարգելով Ձեր ժամանակը` կփորձեմ հնարավորինս հակիրճ Ձեզ իմ սրտի խոսքը ասել, ինձ ու իմ նման հայերին հուզող հարցերը անձամբ Ձեզ հղել:
Ավելորդ սենտիմենտալության, զգայունության համար խնդրում եմ` ըմբռնումով մոտեցեք:
23 տարեկան եմ: Ծնվել, մեծացել, կրթություն եմ ստացել Հայաստանում: Այժմ, ստանալով եվրոպական լավագույն կրթություն, վերաարժեքավորելով իմ սեփական ազգությունը, աշխատելով և ապրելով օտարների հետ, արդեն խորապես համոզված եմ, որ ո´չ մի ազգ մեզնից առավել չի: Մենք ունենք մի հարուստ մշակույթ, մտավոր ունակություններ, արժեքներ, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից ու դեռ ամբողջությամբ չենք բացահայտել: Ունենք հոգևոր ուժ, անկեղծություն ու քաջություն: Մենք էլ ունենք իրական ներուժ՝ ապահովելու ինքներս մեր ու մեր հայրենակիցների, մեր հետագա սերունդների նյութապես ապահով, արժանապատիվ, արդար, ազատ ու զարգացող ապագան:
Ի գիտություն, հայտնեմ, որ կրթությանս ֆինանսավորումը կատարվել է բացարձակապես ընտանիքիս քրտնաջան աշխատանքի հաշվին, որի գինը ցանկացած արդար ու ազնիվ աշխատած հայ կիմանա: Թերևս, միայն անվճար դպրոցը բացառեմ:
Գիտեմ` ինչ ցավալի վիճակում է մեր կրթական համակարգը: Այն աղավաղող հանգամանքները, մարդիկ, որոնք անարդարությամբ փորձում էին ու դեռ փորձում են կոտրել իմ, իմ ընկերների ձգտումները` կայանալու որպես պրոֆեսիոնալ, այդ կերպ փորձելով նաև կոտրել մեր ինքնավստահությունը որպես անձ: Բայց բարեբախտաբար, հանդիպել եմ այդ ճանապարհին նվիրյալ դասախոսների, մասնագետների, ովքեր հույս են ներշնչել: Նաև գիտեմ աշխատաշուկայի կոռումպացվածության, «ծանոթ-բարեկամի» արժեհամակարգի խոր արմատավորման ու ուղղակի խղճալի վիճակի մասին: Գիտեմ բանակի անխիղճ ու սեփական զինվորի նկատմամբ անբացատրելի ու անհասկանալի «թշնամանքի», կոռումպացվածության, անարդարության «լքված» վիճակը: Այն, ինչ կենդանի է պահում մեր երկիրը, ստորացված է: Բոլորս ենք ստորացված մեր սեփական երկրում, այդ թվում և Դուք, քանզի Դուք եք մեզ առաջնորդել:
Այժմ, ընտանիքիս բոլոր անդամները ցրված են ամբողջ աշխարհով: Իսկ քույրերս, եղբայրներս իրենց ընտանիքն ու տունը Հայաստանից դուրս են հիմնել: Ի՞նչն է մնում ինձ իմ էության, իմ «ես»-ի, իմ սեփական հայրենիքի հետ կապողը: Ո՞վ եմ ես, ո՞վ ենք մենք մեր հայրենիքից դուրս, օտարների համար: Մնում է հաշտվել այս իրավիճակի հետ, մոռանալ հայրենիք վերադառնալու ճանապարհը, հաշտվել օտարների խղճալի ու ինքնագոհ, արհամարհական հայացքների հետ, թե սա ԻՄ ԵՐԿԻՐՆ է, ԴՈՒ ՊԻՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՍ, ՈՐ ՔԵԶ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ` ԱՇԽԱՏԵՍ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ: Սա էլ նրա համար եմ կուլ տալիս, որ երկիրս ճահիճ է դարձել, ուր օտարության մեջ ապրելը բախտավորություն է դարձել, իսկ օտարության մեջ բարեկամ ունենալը` ուղղակի գոյատևելու երաշխիք:
Ինչպե՞ս եմ բացատրելու իմ ապագա երեխաներին, թե ով էր մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Ինչու՞ ես լքեցի իմ հայրենիքը` չվերադառնալու նպատակով` թողնելով իմ ընկերներին, հարազատներին: Ու՞մ կարող եմ մտքումս մեղադրել, ու այն կասկածի տանջանքից ազատվել, թե արդյո՞ք ես բավականաչափ հայրենասեր չեմ, չեմ նվիրվել հայրենիքիս ու չեմ սիրել`լքելով այն:
Այժմ ցավով եմ տեսնում, թե ինչպես սեփական ծնողներս խորհուրդ են տալիս չվերադառնալ Հայաստան: Բայց, ո՞վ կլինեմ ես, եթե լինեմ այնքան հուսահատ, որքան սեփական ծնողներս: Ե´ս, ով պիտի´ ու կարո´ղ է փոխել, ով ունի ու´ժը, մի´տքը ու երազա´նքը փոխելու ստեղծված ներկա Հայաստանը:
Ո՞վ է վախեցրել իմ ծնողին, իմ ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու վերջապես ԻՆՁ: Ո՞վ կամ ի՞նչն է պատճառը, որ հազարավոր հայեր, հատկապես աշխատունակ, ազնիվ ու կիրթ (իսկ այսպիսիները ամեն տեղ են կարողանում իրենց տեղը գտնել), նախընտրում են օտարի արհամարհանքը: Նրանց առավել հեշտ է ապրել օտարների արհամարհանքի մեջ, քան սեփական հայրենիքում` տիրոջ կարգավիճակով:
Ձեզ թվում է, թե պակա՞ս հայրենասեր են նման մարդիկ, քան նրանք, ովքեր մնում են Հայաստանում կամ կռվում են Արցախյան պատերազմում: Ո՞վ է այս աննորմալության մեղավորը:
Ո՞վ է պատասխանատու իմ` աշխարհով մեկ ցրված ընտանիքի, իմ ընկերների, իմ անձի, բոլորիս կյանքի, մեր տանջանքների, մեր ապագայի համար: Ինչքա՞ն է այս արհամարհանքը սեփական ազգի նկատմամբ շարունակվելու: Մի՞թե Դուք ու մեր նվիրյալ զինվորները, մեր ամբողջ ազգը սրա համար էիք պայքարել: Մի՞թե աղքատության մեջ խեղվող կերպարին պիտի արժանանանք և վերջնականապես ցրվենք, ձուլվենք, վերջանանք: Մենք, որ դարերով ենք սպասել մեր անկախությանը ու վերջապես հասել ենք դրան, պիտի այսպիսի ճնշված վիճակու՞մ հայտնվեինք:
Ինչքան էլ իշխանական ու խեղված արժեքային համակարգերը տարբեր երկրներում, Հայաստանում ներառյալ, փորձեն մարդկանց աչքերը կապել` մարդկանց հիմարի տեղ դնելով ստորացնել, հավատացե՛ք, դա երկար չի տևում: Ինչպես շատ նմանատիպ կեղծ համակարգեր, վաղ թե ուշ փլուզվում են դրանք: Կեղծիքը միշտ է ջրի երես դուրս գալիս. հավատացե´ք ինձ, եթե մինչ հիմա Ձեզ չի հաջողվել դրանում համոզվել: Այն, ինչ անկեղծ է, դա է մնում հավերժական: Եթե ուզում եք, որ Ձեր հետքը հավերժանա այս ազգի բարօրության պատմության մեջ, խնդրում եմ, ազնի´վ եղեք առաջինը ինքներդ Ձեզ և մեզ` բոլորիս հետ:
Գիտե՞ք, պրն. Սարգսյան, ես Ձեզ հարգում եմ, քանի որ Դուք մարդ եք բոլորիս պես, Արցախյան պայքարի հաղթանակում Ձեր ներդրումն ունեք, ու վերջապես, նրա համար, որ կրում եք Ձեր ուսերին ամբողջ մի ազգի ապագայի պատասխանատվության ծանրությունը: Ես ինքս մասնագիտությամբ տնտեսագետ կառավարիչ եմ, ու չնայած տարիքիս, աշխատանքի բերումով հասցրել եմ փորձ ունենալ մարդկանց համար պատասխանատվություն կրելու հարցում: Ճիշտ է` նախագահ չեմ եղել, բայց պատկերացնել կարող եմ, թե ինչքան ծանր է Ձեր դրությունը` որպես իր առաջնային միսիան` մարդկանց բարօրությունը ապահովելը, ինչ-ինչ պատճառներով ձախողած ղեկավար: Այս ամենի հետ միասին մարդկանց առաջնորդել շարունակելը անիմաստ է, քանի որ հնարավոր չէ ստիպողաբար, վախեցնելով մնայուն հաջողությունների հասնել այդ գործում: Դուք Ձեր հնարավորությունը մարդկանց ավելի լավ վիճակի բերելու ստացել էիք, բայց մարդկանց վիճակը ոչ միայն չի լավանում, այլև վատանում է, երբ Դուք եք ղեկավարում: Եթե Ձեր նպատակը, բացի մարդկանց դեպի ավելի լավ վիճակ ուղղորդելը, ուրիշ բան չէ, ապա Դուք ամեն դեպքում չեք կարողացել, կարողանում ու կարողանա Ձեր միսիան կատարել: Ձեզ միայն մնում է ներկա պահին պաշտոնաթող լինելու միջոցով այդ գործում ուրիշներին սատարելը:
Չեմ կարող հասկանալ, թե ինչն է Ձեզ պահում այդ աթոռի վրա: Ձեզ վրա ազդու՞մ են, որ չլքեք նախագահի պաշտոնը: Եթե այո, ապա խնդրում եմ՝ նշեք այդ ուժերի անունները, որպեսզի մարդիկ Ձեզ հասկանան. անպայման կօգնեն այդ հարցում: Ինչու՞ է ամեն ինչ այսքան ծածուկ: Ումի՞ց եք վախենում ու ինչի՞ համար:
Այս նամակը գրել եմ խորին հավատով այն բանին, որ Ձեզ հուզում է Ձեր իսկ ազգի ու երկրի ապագան: Հուսամ, որ չեմ սխալվում Ձեր հոգևոր ու մտավոր ուժին հավատալու հարցում:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում Ձեր ժամանակի ու ըմբռնման համար,
Մաղթում եմ Ձեզ ուժ ու համերաշխություն,
ՀՀ քաղաքացի,
Անուշ Խաչատրյան
Համբուրգ, Գերմանիա
17.03.2013



