www.tert.am կայքում հրապարակվել է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի վերլուծությունը, համաձայն որի Հայաստանում 31 հազար 993 ընտրող ծննդյան օր ու ամիս չունի, 883 հասցեում 20 և ավելի ընտրող կա, 10.825 հասցեում գրանցված է 10 և ավելի ընտրող, 2755 ընտրող հասցե չունի. «Այդքան ընտրողների մոտ հասցեներ չկան՝ մարզ, քաղաք կամ գյուղ, շենք, բնակարան բացակայում են»:
ՀՀ ոստիկանությունը վերը նշվածի կապակցությամբ բազմիցս տվել է պարզաբանում:
1. Ծննդյան օրվա և ամսաթվի փոխարեն զրոների առկայությունը պայմանավորված է անձնագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթում դրանց բացակայությամբ: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշմամբ:
Անհրաժեշտ է նշել նաև այն հիմնական փաստարկը, որ անձի նույնականացումն իրականացվում է ոչ միայն անուն, ազգանունով և ծննդյան տարեթվով, այլ նաև լուսանկարով:
2. Նախորդ պարզաբանումներով տրվել են մանրամասն բացատրություններ՝ նույնիսկ նշելով կոնկրետ հասցեները և դրանցում ընդգրված անձանց քանակը: Նշված հասցեները ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհացսեավորված բնակելի տներ, հանրակացարանային սենյակներ, տարածքներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են նշված հասցեներում:
3. Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ 2755 ընտրող ընդհանրապես հասցե չունեն, այդ թվում մարզ, քաղաք կամ գյուղ, շենք, բնակարան, այդպես չէ:
Դրանք հիմնականում գյուղական համայնքներում հաշվառված անձինք են, ովքեր կոնկրետ հասցեի բացակայության պատճառով հաշվառված են միայն համայնքով: www.police.am կայքում ներբեռված ցուցակներում նրանց անվան դիմաց հասցեի տողը դատարկ է, քանի որ բոլոր դեպքերում այդտեղ չի նշվում մարզը, քաղաքը կամ գյուղը: Միայն նշվում է փողոցը, շենքը, տունը: Փոխարենը դատարկ տողի դիմաց նշված է տեղամասը, իսկ նույն կայքում տեղադրված են նաև տեղամասային կենտրոնների հասցեները: Այսինքն, այդտեղից պարզ է անձի համայնքը: Բացի այդ, տեղամասային կենտրոններում փակցված ընտրողների ցուցակների վրա, վերևի մասում նշված է համայնքի անվանումը:
4. ՀՀ ոստիկանությունը բազմիցս անդրադարձել է նաև բնակության վայրը փոխելու դեպքում նոր վայրով չհաշվառվելու խնդրին, համաձայն որի սեփականատերը իրավասու է իր դիմումով տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հանելու հաշվառումից: Նույնիսկ հաշվառումից չհանելու դեպքում անձը ռեգիստրում ունենում է միայն մեկ հասցե և ընտրողների ցուցակներում ընդգրվում միայն մեկ տեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել