Այսօրվա մեր քաղաքական իրավիճակին շատ նման մի զավեշտալի բան պատահեց ինձ հետ, երբ դեռևս երիտասարդ էի ու աշխատում էի Բյուրականի աստղադիտարանում: Ունեինք տնտեսական գծով մի փոխտնօրեն, ում կնքել էինք Սեփական Նիկալայիչ հնչուն անունով, քանի որ ինչ ձեռքն էր ընկնում, սեփականացնում էր: Իսկական անունը Ստեփան Նիկալայիչ էր: Բոլոր աշխատակիցների նման ինքն էլ երեք ածու մի փոքրիկ հողակտոր ուներ իր ծառայողական բնակարանի կողքին: Այս մարդը իր համար առանձնատուն կառուցեց Բյուրական գյուղում և այս հողակտորից ու բնակարանից հրաժարվեց: Տեղկոմը որոշեց այս հողակտորը կիսել երկու մասի ու մի մասը տալ ինձ, մյուսը` մեր մի աշխատակցուհուն` Սոֆիկին, քանի որ մենք երկուսով հողակտոր չունեինք: Դե ի՞նչ էինք անում որ, մի երկու թուփ ելակ, մալինա ու կանաչի բան էինք ցանում: Ուղղակի զբաղմունքի ձև էր, երբ ամբողջ օրեր ու ամիսներ նստած էինք լինում Բյուրականում: Ոչ կինո, ոչ թատրոն, մի բանով պիտի աշխատանքից ազատ ժամանակը լցնեի՞նք, թե՞ չէ: Բզբզում էինք մեզ համար: Հա, ուրեմն ամեն մեկիս հասավ մեկ լրիվ ածու և երրորդի կեսը: Տեղկոմը որոշել էր կիսել ըստ ածուի լայնքի: Մի տարի հետո Սոֆիկը գնաց, բողոքեց ու պահանջեց, որ այդ երրորդ ածուն կիսեն ըստ երկայնքի: Տեղկոմը եկավ, կիսեց հիմա էլ ըստ երկայնքի: Էլի մի տարի անցավ, ես իմ հատվածը փորփրեցի, բան- ման տնկեցի, իսկ հարևանուհիս, ինչպես կար իմ նախորդ տարվա մշակածը, այդպես էլ թողեց: Տեսավ, որ իմ հատվածում ինչ-որ բաներ էլի սկսեցին աճել, նորից գնաց, բողոքեց ու այս անգամ պահանջեց երրորդ ածուի այն հատվածները, որտեղ կար ելակի և մալինայի թուփ, իսկ մնացած տարածքները մնան ինձ: Նման հողաբաժանում մարդկության պատմությանը հայտնի չէր և մեր տեղկոմը մնաց շվարած, թե ինչպես բավարարի հայցվորի այդ տարօրինակ պահանջը: Երկար-բարակ մտածելուց հետո տեղկոմը եկավ այն եզրակացության, որ ինձ պետք է արգելել բաժանումից հետո որևէ բան աճեցնել, որպեսզի հարևանուհուս մոտ դրան տիրելու պահանջ չառաջանա: Տենց էլ արեցի: Ու դուրս եկավ, որ այդ ածուն ոչ ինձ էր որևէ օգուտ տալիս, ոչ հարևանուհուս: 
Հիմա մենք ամսի 9-ին ունենալու ենք երկու նախագահ: Թե երկիրը ինչպես կբաժանեն` լայնքով, թե երկայնքով, դեռ մեծ եղբայր հյուսիսի տեղկոմը չի որոշել: Չի բացառվում, որ հյուսիսի տեղկոմը ընդունի մեր աստղադիտարանի տեղկոմի իմաստուն որոշման նման մի որոշում: Որ երկու մասում էլ ոչինչ թող չաճեցնեն նոր նախագահները, թող երկիրը վերածվի անապատի, որ էլ կռիվ չանեն այն տարբեր ձևերով ձևելու ու վերաձևելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել