Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններում իր թեկնածությունը հանելու մասին: Այս մասին Մաշալյանն ասել է «Ռադիո Ակոս»-ին տված հարցազրույցում:
«Քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 15:00-ին: Քվեարկելու իրավունք ունի 30 հոգևորական: Հենց այնտեղ էլ կհայտարարեմ տեղապահի ընտրություններում թեկնածությունս հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն»,- հայտարարել է Մաշալյանը:
Նա կոչ է արել բոլոր իր կողմնակիցներին ձայնը տալ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: «Տեղապահի ընտրությանը իմ փոխարեն թող քվեները տան Բեքչյանին, մտածեն ժողովրդի մասին: Թող փրկեն սեփական արժանապատվությունը: Թե ես, թե Սեպուհ սրբազանը տեղապահի լավագույն թեկնածու ենք համարում Գարեգին սրբազանին: Բացի այդ, Արամ սրբազանի հետ կապված անցյալի դառը փորձառությունը կա»,- նշել է Մաշալյանը:



