Ռեստորանի դահլիճը ժամ առ ժամ դառնում էր առավել աղմկոտ ու մշուշոտ, ավելի ու ավելի հաճախ էին լսվում բարձր ձայներ՝ երբեմն փշրվող բաժակների, երբեմն՝ կրակոտ կենացների։ Հիսունը բոլորած տղամարդկանց խումբն արդեն գինով էր, հայացքները՝ պղտոր, տրամադրությունները՝ բարձր, և կողքի սեղանի մոտ նստած նրանց կանայք երբեմն անհանգստացած էին նայում ծերացող երեխաներին։ Ոմանք ճերմակ մազերով էին, ոմանք՝ ճաղատ, մի մասի երբեմնի ամուր ու պիրկ մարմինները ծանրացել էր, դարձել դանդաղաշարժ, մյուսները, թեև պահել էին արտաքին ձգվածությունը, սակայն աչքերն ու շրթունքներն շրջագծող կնճիռները վկայում էին, որ կյանքի լավագույն տարիներն անդառնալիորեն հեռացել էին։ Ընկերներ էին, հին, մանկության ընկերներ։ Աշխատում էին տարբեր տեղերում, ոմանք՝ այստեղ, ոմանք՝ հյուսիսային այն քաղցր, բայց դժվարամարս երկրում։
Սեղանից քիչ հեռու նստած էին մի քանի պատանի. ակնհայտորեն հին ընկերների որդիներն էին։ Հայրերի խրոխտ կենացները, խորովածի հյութեղ պատառներն ու գետի պես հոսող օղին նրանց առանձնապես չէր հետաքրքրում։ Երբեմն ներս ու դուրս էին անում, երբեմն երկար մազերով գլուխները կախում հեռախոսների վրա ու տևականորեն անշարժանում։
Ընկերները խմում էին անվերջ։ Ծանր աշխատանքին անսովոր վտիտ ուսերով մատուցողը փնչալով հասցնում էր ուտելիքով ծանրաբեռնված ափսեները և բանիմաց մատռվակի հմտությամբ լցնում բաժակները։
Եթե սկզբում երաժշտությունը սահում էր դահլիճում, ապա խմիչքից առաջացած ջերմությանը զուգահեռ դառնում էր ավելի աղմկոտ, պարտադրող, իսկ ռուսական երգացանկը՝ գերակշռող։
Մի պահ ոսկեգույն եզրաշերտով բարձրակրունկ կոշիկով երիտասարդը մոտեցավ նվագողներին։ Երկար-բարակ ինչ-որ բան քննարկեց, համակարգչի էկրանին ինչ-որ բան նայեց, հետո անհետացավ։ Շուտով դահլիճի աղմուկի մեջ աննկատ հայտնվեցին գնչուի համազգեստով երկու գեղեցկուհի և ոսկեգույն եզրաշերտով բարձրակրունկ կոշիկով տղան։ Սև շերտերով վառ կարմիր հագուստը փոխեց ամբողջությամբ սպիտակ գույնով ձևավորված դահլիճի տեսքն ու տրամադրությունը։
«Ցիգանսկին» թնդաց, և օվացիաները դարձան անզուսպ։ Ոմանք շտապեցին պարահրապարակ՝ գնչուհիների նրբին մարմինների հնարավորինս մոտ, ոմանք բարձրացրին օղու հերթական բաժակը, գրեթե գոռալով կենաց ասացին ու դատարկեցին մինչև վերջ։ Հին ընկերները սեղանի շուրջ շրջան կազմեցին, ողջագուրվեցին ու ռուսերեն ինչ-որ բան ասացին։ Կանայք լուռ հետևեցին ճերմակահեր երեխաների ոգևորությանը, իսկ նրանց որդիների երկար մազերով գլուխները այդպես էլ չբարձրացան հեռախոսներից։
Քեֆ էր, իսկական հայկական քեֆ։