Նախընտրական միտինգներին մասնակցող ընտրազանգվածին նայելով հասկանում ես, թե ինչպես ու ինչից էր, որ 20-րդ դարի սկզբին մի քանի տասնյակ թուրքեր անարգել ու անշտապ սվիններով մորթում էին մի քանի հազար հայերի՝ չհանդիպելով ո՛չ դիմադրության, ո՛չ խոչընդոտների։

Այն խնդիրը, որը հնարավոր էր դարձնում մատաղի գառին հարիր այդ հեզությունը Ցեղասպանության ժամանակ, այսօր էլ է առկա, ու այն կարելի է կոչել տարբեր կերպ՝ անթասիբություն, ճորտատիրական բարքեր, խավարամտություն և այլն։ Ու սա խիստ ցավալի ու ակտուալ խնդիր է։

Հեշտ է նման մարդկանց ստրուկի պիտակ կպցնել ու քաշվել ղրաղ, բայց արդյո՞ք դա որևէ կերպ նպաստում է խնդրի լուծմանը։ Կարծում եմ՝ ոչ։ Դա նույնիսկ վնասակար է, որովհետև ստեղծում է հասարակական պառակտում ու ատոմիզացիա։ Չի կարելի նորմալ պետություն ու առողջ հասարակություն ունենալ այնպիսի պայմաններում, երբ ազգաբնակչության մի մասը քամահրանքով է վերաբերվում մյուս մասին, իսկ մյուս մասն էլ թքած ունի, թե ինչ կմտածեն իրենց մասին, եթե հնարավոր է ինչ-որ պուճուրիկ «բոնուս» քերել հերթական «իշխան-ֆեոդալից»։

Ու ցավալին այն է, որ այդ մուրացկանական վարքուբարքը արմատախիլ անել հնարավոր չէ առանց կտրուկ և նույնիսկ ռադիկալ լուծումների։ Ի վերջո, ի՞նչն է ստիպում մարդկանց հլու գառի կեցվածքով ողորմություն խնդրել հերթական քարոզարշավի շրջանակներում իրենց հետ հանդիպելու բարեհաճած հերթական թեկնածուից։ Թվում է, թե պահանջները բազմազան են, բայց իրականում այդպես չէ։ Դետալներն են բազմազան, բայց պահանջ-ողորմությունը նույնն է՝ մի բան արեք, որ ես ավելի լավ ապրեմ, ու ցանկալի է, որ դրա դիմաց կա՛մ քիչ բան անեմ, կա՛մ էլ, առհասարակ, ոչինչ չանեմ։

Ինչպե՞ս պայքարել մուրացկանի այսօրինակ հոգեբանության դեմ։ Հեծանիվ հայտնագործել պետք չէ։ Համաշխարհային փորձը հուշում է, որ միակ հաջող ձևը ոչ թե այդ մուրացկաններին ավելի շատ ողորմություն տալն է, այլ պորտաբուծության դեմ օրենսդրական հակազդեցությունը։ Ժամանակին գործում էր օրենք, որով քրեական պատասխանատվություն էր սահմանված պորտաբուծության համար (за тунеядство): Երևույթը մեղմելու համար այդպիսի օրենքի կարիք հիմա էլ ունենք։ Ավելին ասեմ` միայն այդպիսի օրենքը քիչ է։ Պետք է նաև աշխատանքային գաղութների պրակտիկան վերականգնել, որի շնորհիվ կարելի կլինի մասսայական աշխատանքը ուղղել ռազմավարական խոշոր նախագծերի (օրինակ՝ նույն Հյուսիս-Հարավի շինարարությանը) իրականացմանը։ Ու էլի մի շարք ռադիկալ լուծումներ են պահանջվում, որոնք, սակայն, կյանքի դժվար կոչվեն, որովհետև այսօր ավելի շատ ուզում են ոչ թե մատաղի գառի ու մուրացկանի հոգեբանության ֆենոմենը հանել, այլ կարմիր գծերն ու արագաչափերը։

Ու մեծ հաշվով՝ զարամանալի էլ չէ։ Ինչո՞ւ պետք է ուզենան առողջ ու գրագետ հասարակություն ունենալ։ Չէ՞ որ նման հասարակությունը կպահանջի համապատասխան որակի դիմություն և ընդդիմություն, իսկ դա սկզբունքորեն դեմ է ներկայիս թե՛ դիմության, թե՛ ընդդիմության շահերին։ «Գառներին» իշխելը ավելի հեշտ է ու էժան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել