Նորահարսը ծխնելույզ մաքրող երբևէ չէր տեսել, քանզի կոլեջում էր սովորում, երբ եկավ այդ տունը: Մտնելով խոհանոց՝ նա իր առջև տեսավ բարձրահասակ ու մարմնեղ մի մարդու, ձիթապտղի պես սև գույնի թավշյա զգեստով, թավ ու գորշ մորուքով ու կորացած ուսերով: Բայց այդ կորությունն աննկատելի էր դառնում երկու մեծ, լեռնցու կոշիկներից, որոնք, թվում էր, նրա ամբողջ մարմինը պահում էին հավասարակշիռ դիրքում: Նրա դեմքի մաշկը սևացած էր թվում, չնայած այդ պահին խնամքով լվացված էր: Մի սև նստվածք, որ հավաքված էր ճակատի ու այտերի կնճիռների միջև, այդ դեմքին խոհուն արտահայտություն էր տալիս: Բայց այդ տպավորությունն արագ չքանում էր, ու այդ մարդու երկչոտությունն ի հայտ էր գալիս, երբ նրա դիմագծերն աղճատվում էին մի տեսակ ժպիտի մեջ:
Նա գրեթե անակնկալի բերեց նորահարսին, քանզի կանգնած էր դռան հետևում, բայց իր տեսքից երևում էր, որ ինքն էլ էր զարմացած. ասես նրան բռնացրել էին մի անվայել արարքի մեջ, ու հիմա պիտի արդարացներ իր ներկայությունն այդտեղ. և նա սկսեց նորահարսին դիմել՝ ինչ-որ նախադասություններ կրկնելով, որ աղջիկը չլսեց ու չհասկացավ:
Շարունակում էր մրմնջալ, ցույց տալով, թե դա իր համար շատ կարևոր է ու հոգնած աչքերով, բայց անվարան նայում էր աղջկան: Նորահարսին հենց առաջին պահից պարզ դարձավ այդ մարդու անձրևաորդային բնույթը:
Նա հանեց բաճկոնն ու հեռացավ՝ քանդելով ժիլետի կոճակները: Աղջիկը սողոսկեց մյուս դռնով, բայց ուշադրությամբ սկսեց հետևել, թե ինչ էր կատարվում ներսում. այն զգացումն ուներ, թե ինչ-որ անպարկեշտ բան էր կատարվելու, ու իրեն թվաց, որ իր ներկայությունը նրան խոնարհություն պիտի ներշնչեր ծխնելույզ մաքրելու արարողության մեջ, և որ ինքն ամաչում էր այդ գործից, այդ մարդու համար: Բայց ոչ մի աղմուկ նրան չէր օգնում որևէ բան հասկանալ, ուստի դարձյալ ներս մտավ: Երեխաներն արդեն գնացել էին, ու նա մենակ էր. այդ պահին իջնում էր աստիճանասանդուղքով, որը հենել էր վառարանի ներքնապատին: Ոտքերը բոբիկ էին, ու հագին մոխրագույն վերնաշապիկ կար, փոկերով կրծքին ամրացրել էր մի գործիք, որի օգտագործման նպատակը նորահարսին այդպես էլ անհայտ մնաց.բերանի ու քթի վրա սև բերանակապ ուներ, որը կապել էր ականջներից: Սակայն աղջիկը նրան ծխնելույզի մեջ մտնելով՝ չտեսավ, քանզի նորից դուրս փախավ:
Երբ վերադարձավ երկրորդ անգամ, խոհանոցը դատարկ էր, ու մի տարօրինակ, անտանելի հոտ էր տարածվել այնտեղ: Իր շուրջը նայելով, նորահարսը սկզբում այդ հոտը վերագրեց այդ մարդու ահռելի կոշիկներին, որոնք դրված էին մի անկյունում, նրա շորերի կապուկի կողքին:
Բայց դա մոխրի ծանր հոտն էր, որ ծխնելույզի հարկերից գունդ-գունդ վայր էր թափվում: Ու տան ծուծը կրծող քերոցի խուլ ձայնը արձագանքվում էր աղջկա գլխի մեջ: Դադարների ժամանակ, ոտքերի լուռ քստքստոցից հասկացվում էր, որ մարդը շարունակում է իր հոգնատանջ վերելքը:
Վրա հասավ բացարձակ լռության մի պահ, կտրուկ մի դադար: Աղջիկը շարունակում էր նայել վառարանի բերանին, այն քառակուսի չէր, այլ նեղ ու մութ մի անցք էր:
Հետո, շատ բարձր, կոկորդային, անմարդկային մի բղավոց լսվեց.չգիտես որտեղից, պատերի, տան քարերի, խոհանոցի պարագաների միջից, գուցե նորահարսի կրծքի՞ց դուրս թռավ, որ ստիպեց նրան ամբողջ մարմնով ցնցվել: Այդ գազանային, հոգևարքային ոռնոցը հանկարծ փոխվեց հրճվալից կանչի.մարդը տանիքի վրա էր դուրս եկել: Այնուհետև ոտքերի լուռ քստքստոցներն արագացան.ի վերջո ճեղքից մի սև ոտք դուրս ելավ, կախվածի մի ոտք, որը հենակետ էր փնտրում;Ոտքը գտավ սանդուղքի առաջին աստիճանը, ու նորահարսը նորից փախավ դուրս:
Բակում, նստած մի ջրաղացքարի վրա, ծեր տնային դաստիարակչուհին, ով այն կանանացից էր, ում համար ամեն բան նոր է ու հետաքրքիր, հետ ու առաջ էր անում ու խորհրդավոր տեսքով տեղեկություններ հաղորդում.
-Հիմա մաքրում է իրեն վառարանի մոտ: Նորահարսը պատկերացնում էր ծխնելույզ մաքրողին, որ ուղիղ կանգնած մոխրակույտի վրա, ինչպես գերեզմանափորը՝ հողաթմբի, մոխիրն է թափ տալիս մեջքի վրայից:
-Բայց ի՞նչ է հագնում ոտքերին պատի վրայով մագլցելիս: Ու վազեց ներս նրան հարցնելու:
-Բարի՜ մարդ, ի՞նչ եք հագնում ձեր ոտքերին պատի վրայով մագլցելիս:
Հետևեց պատասխան, որը լավ չլսվեց:
-Հիմա պիտի նախաճաշի: Ու տնային դաստիարակչուհին մնաց ներսում: Հետո նորից հայտնվեց բակում, ձեռքում մի քանի էդելվեյսներ: Ասաց, որ մարդը դրանք հանել է մի շատ մաքուր արկղից ու նվիրում է նորահարսին:
Որոշ ժամանակ անց, մարդն ինքն էլ դուրս ելավ, շորերը փոխած, մեջքին մի տոպրակ: Անցնում էր բակով, որ գնար, երբ ընտանիքի հայրը նրան կանգնեցրեց ու սիրալիր սկսեց հարցեր տալ նրա կյանքի մասին: Նորահարսը նույնպես մոտեցավ: Մարդն այդտեղ, ձմեռային անշող արևի տակ, որն ավելի էր մթնեցնում նրա դեմքը, սև մրով պատված իր մորուքով ու լույսից կկոծվող աչքերով, նման էր թիթեռի կամ գիշերային թռչնի, որն ակամա հայտնվել էր ցերեկվա լույսի մեջ:
Ասաց, որ երեսունհինգ տարի է, ինչ շրջում է այս կողմերում, ծխնելույզներ է մաքրում, որ եկող տարի իր հետ բերելու է իր որդուն, որպեսզի սովորի իր արհեստը, որ էդելվեյսներ քաղելն հիմա արգելված է, բայց ինքը ծածուկ կարողացել է քաղել այդ մի քանիսը, ու էլի նման բաներ: Քանի որ թաքնամիտ էր ու դժբախտ, պարզ հասկացվում էր, որ ուզում էր թաքնվել այդ բառերի տակ, որ ինքը թողնում էր ընկնեն, ինչպես վարագույր, ինչպես մեծ ալիքն է ընկնում ու փշրվում:
Ճանաչել էր այդ ընտանիքի բոլոր մահացածներին, բայց ոչ ոք երբևէ նրան չէր տեսել: Նորահարսին թվաց, որ ինքն այլևս ոչ թե այդ մարդու, այլ ինքն իր համար էր ամաչում:
Երբ մարդը գնաց, նա էդելվեյսները դրեց հանգուցյալների դիմանկարների տակ: