Image result2016 թվականին սիրիական հակամարտության ընթացքում զոհվել են ռեկորդային թվով երեխաներ՝ ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։ Կազմակերպության մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցած տարի Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Եվս մի քանի հարյուրը մահացել են հիվանդություններից, որոնք կարելի էր բուժել անհրաժեշտ դեղորայքի և բուժօգնության առկայության դեպքում՝ ասվում է զեկույցում։

Զեկույցը հրապարակվել է Սիրիայում զինված հակամարտության մեկնարկի 6-ամյակի նախօրեին։

Մեկ շաբաթ առաջ միջազգային բարեգործական Save The Children կազմակերպությունը հայտարարել էր այն մասին, որ Սիրիայում երեխաներն ապրում են «տոքսիկ սթրես», որը կարող է մեծ տարիքում հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, այդ թվում հոգեկան։

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցած տարի առնվազն 851 երեխա հարկադրված է եղել մասնակցելու մարտական գործողություններին զինված խմբավորումների կողմից։ Ցուցանիշը կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել