Նախօրեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը, որի նիստին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը, հաստատել է Հայաստանի ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը, և Հայաստանին շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Այսպիսով՝ Հայաստանը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը:
Նշենք, որ ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես՝ ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը: ԱՃԹՆ-ի նպատակը ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական և գործարար համակարգերի ստեղծումը, ինչպես նաև հանրային երկխոսության կայացումը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխընբռնումը:
ԱՃԹՆ-ի ներդրումը Հայաստանի համար կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը և հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար:
Հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների և ներդրողների համար ԱՃԹՆ-ի ներդրումը կնպաստի քաղաքական և հեղինակության անկման ռիսկերի կրճատմանը և հավասար խաղի կանոնների սահմանմանը: ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծում է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: