Մարտի 15-ի լույս գիշերը Ազատության հրապարակում հերթապահելու հերթն իմն էր: Ուրախ կամպանիա էր: Զրուցեցեինք մինչեւ լուսաբաց: Տարբեր մարդիկ եկան գնացին` ուղարկված, մոլորված, հետաքրքրասեր, հարբած, սրտացավ ու զորակցող: Բոլորին սիրալիր ընդունեցինք ճանապարհեցինք: 

Ազատության հրապարակի լույսերն անջատվեցին լուսադեմին` ժամը 5:00-ին: Այդ ժամանակ սկսվեց մի անպատկերացնելի շոու, որը տղաներից մեկը` Ժիրայրը անվանում է գարդոն-շոու: Մինչ այդ պատմել էր այդ զավեշտը: Բայց դա պատմելու բան չէ, այլ` դիտելու:

Ազատության հրապարակ այդ մթին «ներխուժում» է հավաքարար կանանց մի բրիգադ` համազգեստներով, ցախավելներով, բջջային հեռախոսներով: Անկեղծ ասած, այնքան բարձրաձայն են այդ կանայք, որ մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու են բջջային հեռախոս պահում, երբ մեկը մյուսին զանգելիս այն աստիճան բարձ է խոսում, որ բջջային հեռախոսի անհրաժեշտությունը վերանում է: Մի խոսքով, ավելորդ գումար են վատնում բջջայինի վրա, քանի որ 1 կմ հեռավորության վրա հանգիստ կարող են հաղորդակցվել միմյանց հետ: Բայց սա մանրունք է ու շատ մարդկային, հայկական մի բան /բարձր խոսելը/: 

Մթության մեջ այդ կանայք սկսում են աժիոտաժը` ավլելը: Զարմանալի է, որ մինչ այժմ Երեւան քաղաքը կենտրոնի, նման հրապարակների համար չունի ժամանակակից քաղաքներին բնորոշ ավլող, լվացող մեքեներ: Եւ այն, ինչ տեսնում ես, կատարյալ միջնադար է հիշեցնում: Ավելի շուտ`գյուղ: 

Իսկ հետո տեղի է ունենում մի բան, որը սկզբում չես հասկանում, իսկ հետո համ լաց ես լինում, համ ծիծաղում: Հրապարակ է մտում խորհրդային «Ժիգուլի 06» մակնիշի մի մեքենա: Միացնում է լույսերը.... ու այդ լույսի տակ կանայք սկսում են ավլել հրապարակը: Ավտոմեքենան բառիս բուն իմաստով շարժվում է ողջ հրապարակով ու նրա ֆառերի լույսի տակ կանայք ավլում են... Այդտեղ հարց ես տալիս. եթե հավաքարարները լույսի տակ են ավլելու, այդ դեպքում լույսերն ինչո՞ւ անջատեցին ժամը 5:00-ին: Կանայք էլ են մեղք, քանի որ լուսավորված հրապարակում մաքրելն այն բան է, լապտերի կամ ավտոմեքենայի դիմային լույսի տակ մաքրելը, որքան էլ ծիծաղելի, բայց դաժան է: 

Ինչեւէ: Դրանի հետո հրապարկ են մտնում շարժական աղբամաններով մարդիկ: Ահա այդտեղ է դրսեւորվում գարդոն-show-ն: Երկու զույգ ստվարաթղթով նրանք խմբված աղբը լցնում-թափում-հետո նորից լցնում են աղբարկղները: 

Զավեշտալի տեսարան, որը նայելով ուզում ես հասկանաս, թե ո՞վ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է հղացել Ազատության հրապարակը ավլելու այդ հանճարեղ ձեւը, քանի՞ շարիկ կամ ծալք կա քաղաքային իշխանության գլխին: Մինչ ես հրապարակավ այդ հարցերն էի տալիս, Ժիրայրը հիշեցրեց. «Ստյոպ, մի մոռացիր, որ նրանք ավլում են պատմամշակութայաին արժեք /ասֆալտը/, դրա համար էլ այսքան նուրբ ու օրիգինալ են անում դա»: Համաձայնեցի ու լռեցի: 

Արդեն մոտենում էր լուսաբացն ու ավելի շատ դրան էի սպասում, այլ ոչ թե ավելի խելամիտ բացատրության: Բայց տեսածը երբեք չեմ մոռանա: Ավելի շուտ, հուսամ երկրում ու Երեւանում իշխանափոխությունից հետո այլեւս չեմ տեսնի նման զավեշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել