Panorama.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախօրեին այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ:
Lovearmenia.am-ի փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը Գորայք, Սիսիան և Գորիս համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տարածքային ու համայնքային համաչափ զարգացման վերաբերյալ:
«Մեր բացթողումները, մեր դրական ու ուժեղ կողմերը հասկանալով՝ հայտարարում ենք, որ ուզում ենք փոխվել, փոխվում ենք ու փոխելու ենք: Մեր տնտեսական զարգացման ծրագրի հիմքում այն գաղափարն է, որ մեր երկրի հիմնական առավելությունը, հիմնական կապիտալը մարդն է՝ իր կարողություններով, ստեղծագործ աշխատանքով, և պետք է բոլոր պայմանները ստեղծենք, որպեսզի մարդը կարողանա իր աշխատանքով իր տունը պահել, իրեն ոչ ոք չխանգարի, արդարություն լինի, աշխատանքն արժանավայել գնահատվի, հնարավորություն տանք նրան, որպեսզի ստեղծի հավելյալ արժեք: Ներկայացրել ենք ծրագրեր ճյուղ առ ճյուղ՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սոցիալական ոլորտ, կրթություն, նույնիսկ պետական կառավարման համակարգ: Երբ ասում ենք՝ պետք է փոխվենք և մեզանից պետք է սկսենք, առաջին հերթին նկատի ունենք պետական կառավարման համակարգը: Մենք շատ բան ունենք փոխելու, բայց ծրագրի մեջ խուսափել ենք ու չենք գրել արհեստական ու ականջը շոյող ոչ մի բան: Գիտենք՝ ինչ պրոբլեմ ունենք, ինչ հիվանդություն ունենք և ինչպես ենք շարժվելու առաջ: Մեզ սպասվում է քրտնաջան, կանոնավոր, ամենօրյա աշխատանք: Մենք իրականում շանս ունենք որոշ ժամանակ անց ունենալ բարվոք պետություն, որով բոլորս կարող ենք հպարտանալ», - դիմելով սյունեցիներին՝ ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:
Կարեն Կարապետյանը նախ և առաջ ընդգծել է, որ ՀՀԿ-ն շատ հստակ ձևակերպել է իր վերաբերմունքն Արցախի հիմնախնդրի լուծման առնչությամբ. «Արցախում, որտեղ հերոսաբար իրենց պարտքն են կատարել նաև բազմաթիվ սյունեցիներ, որոշվում է մեր ինքնասիրությունը, մեր արժանապատվությունը, մեր վաղվա օրը, ընդհանրապես մեր կեցվածքը,թե ինչպես ենք կանգնելու աշխարհի առաջ»:
ՀՀԿ առաջին փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել տարածքային կառավարման և համաչափ զարգացման տեսլականի վերաբերյալ՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունների հիման վրա մշակվել են զարգացման կոնկրետ ծրագրեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



