Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պաշտոնապես գործարկել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգը մարտի 14-ին։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։ Պարբերականի տվյալներով՝ նախարարների կաբինետը պնդում է ընթացակարգի շուտափույթ մեկնարկը։
Մարտի 13-ին Համայնքների պալատը ծրագրում է դիտարկել փոփոխությունները, որոնք մտցրել է Լորդերի պալատը Brexit-ի ընթացակարգի մեկնարկի մասին օրինագծում։
Այդ ընթացակարգը ստացել է «պինգ-պոնգ» անվանումը, քանի որ փաստաթուղթը կուղարկվի մի պալատից մյուսը, քանի դեռ խորհրդարանականներն այն լիովին չեն համաձայնեցրել։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան փետրվարի 2-ին հրապարակել էր Brexit-ի հարցով պլան։ Այդ փաստաթղթում նշված են 12 սկզբունքային կետեր։
Brexit-ի հարցով հանրաքվեն կայացել էր 2016-ի հունիսի 23-ին։ Brexit-ի օգտին իր ձայնն է տվել երկրի բնակիչների մոտ 52 տոկոսը։



