Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Գյուղնախի գյուղատնտեսական ԾԻԳ-ի գործունեությունը և ստեղծել Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ: Հիմնադրամը նպաստելու է, որպեսզի գյուղատնտեսությունը կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացում ապրի: Կառավարության այսօրվա նիստին հավանության է արժանացել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Կառավարության ծրագրով սահմանվել է 2017-ից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում մինչև 2021-ն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով:
Վարչապետը հորդորել է՝ առավելագույնս հետևողական լինել այդ գործընթացի իրականացման հարցում, որպեսզի բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծվեն: Այսօր կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել նաև 2017-ի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար: Ավելին՝ գործադիրը համապատասխան որոշմամբ հաստատել է 2017-ի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կապահովվի շուրջ 10 հազար հա գարնանացան և գումարը կհատկացվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշիվներից:
Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ժամանակ հարց է բարձրացվում այդ սերմերի անարդյունավետության վերաբերյալ, ինչի պատճառով գյուղացիները սուբսիդիաների վերադարձման խնդիրներ են ունենում: Ի դեպ՝ Գյուղատնտեսության նախարարն ասել է, որ սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, իսկ արդյունքները հրապարակվելու են: