Մոտակա ժամանակահատվածում Հայաստանի տարբեր մարզերում իրականացվելու են ներդրումային տարբեր ծրագրեր, որոնք բխում են Հայաստանի տարածքային համաչափ զարգացման պահանջներից: Բազմաթիվ նախագծեր կան գյուղատնտեսության զարգացման հետ կապված: Հատկապես ուշագրավ են Արմավիրի մարզում նախատեսվող ներդրումները գյուղատնտեսության տարբեր ոլորտներում:
Ընդհանուր առմամբ՝ Արմավիրի մարզից ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 15 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է հիմնել խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարան, ոռոգման կաթիլային եղանակով մշակել բոստանային մշակաբույսեր, վերագործարկել պտղասառնարան, կառուցել պարարտանյութերի և կաթիլային խողովակների արտադրության գործարաններ:
Բացի այդ՝ խնդիր է դրված հիմնել ելակի ջերմատուն, կազմակերպել մատուտակի արմատների արտադրություն, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներում աճեցնել օրգանիկ գյուղմթերք, կազմակերպել վարդաբույր խորդենու եթերային յուղի արտադրություն, ընդլայնել «Ոսկենի» գինու արտադրությունը, ինչպես նաև ունիվերսալ ֆերմայում ցլիկների բտման կազմակերպում և բարձրորակ օրգանական մսի արտադրություն: Կարևոր է, որ այս ծրագրերն այժմ քննարկման և ճշգրտման փուլում են, որին հետևելու է դրանց իրականացումը: