Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում դրական տեղաշարժեր են նկատվում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականի հունվարին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 6 մլն 174.6 հազար դոլարի ապրանք, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 169.4 հազար դոլարի: Արտահանման ծավալները 2017 թվականի հունվարին 2016-ի համեմատ ավելացել են շուրջ 36.5 անգամ:
Միևնույն ժամանակ 2017 թվականի հունվարին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել 8 մլն 694 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ 2016-ին՝ 1 մլն 621.4 հազար դոլարի: 2017 թվականի հունվարի այս ցուցանիշը 2016-ի հունվարի ցուցանիշին գերազանցում է 5.4 անգամ: Հայաստանում գործում է էմիրաթական 31 փոքր և 5 խոշոր ընկերություն։ Նրանք ներկայացված են անշարժ գույքի, մանրածախ առևտրային ցանցերի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում:
Առևտրատնտեսական համագործակցության էլ ավելի ընդլայնման համար առանցքային նշանակություն ունի մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք գործարար համաժողովը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը և դեպի երկիր ներգրավվել ԱՄԷ գործարարների կապիտալները: Լինելով նավթի հարուստ պաշարներ ունեցող երկիր` ԱՄԷ-ն սկսել է մեծ հետաքրքրություն ցուցաբերել արևային և այլընտրանքային էներգետիկ ուղղություններով, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ:
Մյուս կարևոր ոլորտը զբոսաշրջությունն է: ԱՄԷ-ի բնակիչների համար Հայաստանը հետաքրքիր է իր պատմամշակութային ժառանգությամբ և բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Համագործակցության հեռանկարային ուղղություններ կարող են լինել նաև դեղագործությունը, ադամանդագործությունը, հանքային ջրերի արտադրությունը, ֆինանսական ոլորտները և այլն:
Լուրջ քայլ է նաև հայկական գյուղմթերքի և սննդամթերքի դեպի ԱՄԷ արտահանելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին խոսել է նաև վարչապետ Կարապետյանը կառավարության գործունեության 100 օրվա ամփոփման մեջ: Առաջիկայում նախատեսվում է Էմիրությունների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում կհստակեցվի այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը: