Արծվիկը Barometer.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն ընտրել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի "Եվրատեսիլ-2017"-ին և կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին և եվրոպաբնակ հանդիսականին: Մրցութային երգը կկրի 'Fly with me' խորագիրը: Ընտրության համար ստացվել էր շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին և ձևաչափին, Արծվիկի նախասիրություններին և կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երգի ընտրության հարցում: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
'Fly with me' երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանն և Դավիթ Ծերունյանը:
Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկություններ, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները և հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, և դառնում արև, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար, միակը՝ բոլորիս համար:
Ընդգծելով անվան խորհրդանշական ստուգաբանությունը և զուգահեռելով արծվի ճախրանքի հետ՝ Արծվիկը կփորձի "ճախրել"` իր հետ թռիչքի կանչելով եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին:
Երգը հանրության լայն դատին կներկայացվի տեսահոլովակի հետ միասին՝ մարտի 18-ին՝ "Օրակարգ" լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո:
Մրցույթն այս տարի կանցկացվի "Տոնենք բազմազանությունը" խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա "Միավորվենք" գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաև` վայելելու հիանալի երաժշտություն:
"Եվրատեսիլ-2017" երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի "Դեպի Եվրատեսիլ" մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել