BRAVO.am-ն արդեն պատմել է, որ Ռուսաստանում փետրվարի 28-ին մեծ էկրան բարձրացած «Ի՞նչ են անում տղամարդիկ» ֆիլմում հնչող մի շարք երգեր հեղինակել է Գարիկ Պապոյանը: Հումորիստ-երաժիշտն առաջիկայում կներկայացնի կինոկատակերգության հիմնական սաունդտրեքի տեսահոլովակը, որի երեւանյան նկարահանումներին ներկա են եղել նաեւ մեր լրագրողն ու լուսանկարիչը: 

Գարիկը կներկայացնի «Ի՞նչ են անում տղամարդիկ» ֆիլմի սաունդտրեքի տեսահոլովակը


Հումորիստ-երաժիշտը պատմել է, որ «Proposal of 6 years old»/ «Վեց տարեկանի ամուսնության առաջարկ»/ երգը գրել է Երեւանում` այս տարվա հունվարին. «Դիտել եմ ֆիլմի չմոնտաժված կադրերը, որպեսզի հասկանամ, թե ինչի մասին է այն եւ համահունչ երաժշտություն ստանամ: Այդպես էլ եղավ. ոգեշնչվեցի ու գրեցի: Այս երգը հնչում է ավտոմրցավազքի ժամանակ, երբ բարիները փորձում են հաղթել չարերին»:

«Proposal of 6 years old» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի ռեժիսորը Միհրան Ստեփանյանն է, Գարիկի խոսքով` նաեւ օգտագործվելու են կադրեր ֆիլմից. «Երգերիս գործիքավորմամբ եւ ձայնագրմամբ ինքս եմ զբաղվում, բայց նկարահանման համար կենդանի հնչողություն էր պետք, ու ինձ հետ են հարվածային գործիքներ նվագող Պերճը, ստեղնաշարային գործիքներ նվագող Սամոն եւ «X Factor» նախագծից երիտասարդ ու տաղանդավոր կիթառահարներ»:

Խոսելով «Proposal of 6 years old» երգի մասին` երաժիշտն ասել է, որ այն չափազանց հարազատ է իրեն. «Իմ սրտով է, լիովին համապատասխանում է ինձ: Համագործակցություններում չկա այս «ծանր» վիճակը, երգերն ավելի թեթեւ, փափուկ ու ռոմանտիկ են»:

Գարիկը, Միհրան Ստեփանյանն ու տեսահոլովակում նկարահանված երաժիշտները


Գարիկը նաեւ նշել է, որ առաջին անգամ է երաժշտություն գրել ֆիլմի համար. «Շատ եմ հավանել գործընթացը: Մինչ այս պարզապես ինձ համար էի ստեղծագործում. այնքան երգեր ունեմ գրած, որ որեւէ մեկը չի լսել: Այս դեպքում ունեի հստակ ժամանակահատված ու ֆիլմի կողմից թելադրված տրամադրություն»:

Հումորիստ-երաժիշտը քննադատություններից չի վախենում. «Ժանրային առումով որեւէ փոփոխություն չկա: Եթե նույնիսկ հեղինակները չհավանեին երգերս, երբեք չէի ափսոսի, որովհետեւ նախ ինձ համար եմ գրել: Ես անում եմ այն, ինչ կարողանում եմ, իսկ եթե որեւէ մեկը երգերս չհավանի, կրկին կգրեմ ու այդպես շարունակ»:
 

«Proposal of 6 years old» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Գարիկը խոսել է նաեւ ֆիլմի թեմայի մասին. «Չեմ կարծում, որ միանշանակ լավ արձագանքներ են լինելու: Սա կոմեդիա է` նախատեսված 18 տարեկանից բարձր անձանց համար: Ես իմ գործի տերն եմ, սցենարիստն` իր, ռեժիսորն էլ պատասխանատու է իր աշխատանքի համար: Եթե որեւէ դերասան մերկանում է, բարկացեք նրա, ոչ թե այդ ընթացքում հնչող երաժշտության հեղինակի վրա»:

Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ երկու ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկ ունի. «Անհատական ձայնասկավառակիս համար կուտակված երգեր կան, բայց ալբոմ թողարկելու նպատակ դեռ չունեմ: Հիմա ինձ հարմար ու ոգեւորված եմ զգում այս դաշտում. երկու ամիս ունեմ նոր ֆիլմերի երգերը գրելու համար»:

Նյութը Bravo.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել