Newmag.am-ը գրում է.
Բաքվի Հեյդար Ալիևի պողոտան միմյանց է կապում օդանավակայանը և քաղաքը: Փողոցը ընդգծում է Բաքվի ժամանակակից տեսքը և շրջապատված է նոր շենքերով: Այստեղ է գտնվում Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը, իսկ փողոցի վերջում, քաղաք մտնելուն պես, դուրս է ցցվում 33 հարկանի առագաստանման մի կառույց: Ճարտարապետն ակնհայտորեն ոգեշնչված է եղել Դուբայի Բուրջ ալ-Արաբից, բայց այս շենքն ավելի քառակուսի է ու նվազ էլեգանտ:
Երբ դեկտեմբերին այցելեցի Բաքու, անմիջապես նկատեցի 5 ընդգծված սպիտակ տառ T-R-U-M-P: 5 աստղանի հյուրանոցը կոչվում է Trump International Hotel & Tower Baku: Այն այդպես էլ չի բացվել, չնայած ճանապարհից երևում է, որ շենքը պատրաստ է շահագործման: Սեփականության ձեռք բերումն այստեղ անհավանական բարդ գործ է: Շենքը կտրված է փողոցներից: 9 օր շարունակ փորձում էի մոտենալ մուտքին, բայց ամեն անգամ տաքսու վարորդի հետ հայտնվում էի զավեշտալի վիճակում, քանի որ այդպես էլ չէինք գտնում շենքի մուտքին մոտենալու ճանապարհը:
Որքան շատ ժամանակ էի անցկացնում մոտակայքում, այնքան ավելի շատ էի զարմանում, թե ինչպես կարող է այս հյուրանոցը լինել կենսունակ բիզնես: Ի սկզբանե, 2008-ին, շենքը նախատեսված էր որպես թանկարժեք բնակելի տուն, բայց 2012-ին, երբ Դոնալդ Թրամփի ընկերությունը պայմանագիր ստորագրեց Ադրբեջանի շինարարների հետ, ծրագիրը վերածվեց շքեղ հյուրանոցային նախաձեռնության: Ըստ Trump Organization-ի մամուլի հաղորդագրության, թանկարժեք հյուրասենյակներով հյուրանոցը կարող էր զբաղեցնել առաջին 13 հարկերը, դրանից բարձր հարկերում տեղակայվելու էին արդեն բնակարանները, որտեղից բացվում է քաղաքի ու Կասպից ծովի լավ տեսարան:
Բայց թանկարժեք հյուրանոցի համար շենքը տեղակայված է շատ անբարենպաստ ու աղքատ վայրում: Այն հեռու է կենտրոնից ու զարգացած թաղամասերից: Իսկ մոտակա հյուրանոցները համեստ բյուջեով շենքեր են, այստեղ չկան թանկարժեք ռեստորաններ ու խանութներ: Թրամփի հյուրերն այստեղ իրենց աքսորված կզգան:
Ադրբեջանի տուրիզմի նախկին նախարարի խոսքով, երբ ինքն իմացավ հյուրանոցի տեղակայման վայրը, անմիջապես հարց առաջացավ, թե ինչու է այն կառուցվում այդտեղ: Ոչ ոք չի ցանկանա բնակվել այդ աղքատ թաղամասերում: Ծրագրի ժամանակը նույնպես ուշագրավ էր: 2014-ից, երբ Trump Organization-ը հայտարարեց, որ աջակցելու է աշտարակը հյուրանոցի վերածելուն, Բաքվում շինարարական ակտիվ աշխատանքներն արդեն ավարտված էին: Այս ծրագրի հետևում կանգնած էին տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամմադովի մարդիկ, իսկ Մամմադովը երկրի ամենահզոր օլիգարխներից մեկն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



