ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այն ջերմությունը, որ կնոջ շնորհիվ ստեղծվում է ընտանիքում, յուրահատուկ է:
Այն երջանկությունը, որ կնոջ շնորհիվ թևածում է ընտանիքում, անչափելի է: Համերաշխության և հանդուրժողականության այն մթնոլորտը, որ կնոջ շնորհիվ ձևավորվում է ընտանիքում, անգնահատելի է:

Պետությունը մի մեծ ընտանիք է, որտեղ երջանկությունը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը նույնչափ անհրաժեշտ ու կարեւոր են: Ամուր պահելով և զորացնելով ընտանիքը՝ դուք ամուր եք պահում նաև երկիրը, երկրի սահմանները, երաշխավորում երկրի վաղվա օրը, երկրի անվտանգությունն ու առաջընթացը:

Ձեր դաստիարակած զավակներն այսօր մեր հայրենիքի հույսն ու ապավենն են, խաղաղության և անվտանգության հուսալի երաշխավորը: Ձեր շնորհիվ խաղաղությունը, մեր անվտանգությունը միշտ ապահով ձեռքերում են, քանզի հայրենիքի զինվորը, հայրենիքին երդվելով, երդվում է նաեւ մոր առաջ:

Համոզված եմ, որ վաղվա օրը լինելու է ավելի լուսավոր եւ ավելի ապահով, և դրանում, վստահաբար, շարունակելու է նշանակալից մնալ ձեր դերը, սիրելի՛ կանայք:

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս ջերմ ու գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի՛ կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել