Մարտի 9-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնաթող կլինի: Այդ պաշտոնին Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը: Այդ մասին հաղորդել է IA REGNUM-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի վարչակազմի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աղբյուրներին:
Վարդան Տողանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (միջազգային հարաբերությունների բաժինը), ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 2001թ. ավարտել է ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրան:
Տողանյանի անունը նշվում է, այսպես կոչված, «Պանամայի փաստաթղթերում», որ տեղեկություններ է պարունակում օֆշորներում գրանցված ընկերությունների և դրանց հետ առնչվող մարդկանց վերաբերյալ: Նշվում է նաև, որ 2014 թվականին Վարդան Տողանյանը դարձել է ադամանդի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր:



