Երեկ եթեր հեռարձակվեց «Outdance․ պարել ավելի լավ, քան որևէ մեկը» Շանթ ՀԸ-ի նոր նախագիծը, որի մասին արդեն պատմել էինք:
Ինչպե՞ս ընդունվեց սիթքոմը, որտե՞ղ դերասանները դիտեցին իրենց աշխատանքի էկրանավորումը, և վերջապես, արդյոք իրականո՞ւմ էլ ամեն ինչ այնքան ջերմ ու բարի է նկարահանման հարթակում, ինչպես որ էկրանի վրա տեսանք. ահա այս թեմաների շուրջ էլ BlogNews.am-ը զրուցեց սիթքոմի դերասանուհիներից մեկի՝ Լիա Զախարյանի հետ.
«8:10-ին, երբ սիթքոմի առաջին սերիան մտավ եթեր, մենք նկարահանման էինք, ու մեզանից ոչ ոք, ցավոք, չկարողացավ դիտել այն: Անընդհատ մտածում էինք՝ տեսնես ոնց անցավ, արդյոք հավանե՞ց հեռուստադիտողը, ի վերջո, շատ հետաքրքիր էր տեսնել այն հատվածները, որոնցում ինքներս չէինք նկարվել: Ուշ երեկոյան եկանք տուն, ու հույս չկար, որ կդիտենք սերիալը, քանի որ համացանցում այն լինել չէր կարող: Արդեն պառկել էի քնելու, մեկ էլ զանգ հեռախոսիս, ու ինձ ասում են, որ սիթքոմի առաջին սերիան կարող եմ դիտել այսինչ հղումով: Այդ ուշ ժամին միացնում եմ, ու անկեղծ եմ ասում, բարձրաձայն ծիծաղում եմ: Հրաշալի սցենար, ընտիր խաղացած դրվագներ: Իսկապես մեծ բավականություն ստացա դիտումից»:

Նկարահանումների ընթացքի մասին Լիան մեծ բավականությամբ է խոսում. «Ինձ համար աշխատանքի պրոցեսը աննկարագրելի հետաքրքիր է: Հայտնվել եմ պրոֆեսիոնալ պարողների մոտ ու ամեն ինչ անում եմ նրանցից մաքսիմալ գիտելիքներ ստանալու համար: Երկար տարիների պարողներ են՝ լատինո, բրեքդանս, դասական, հիփ-հոփ, ես էլ անփորձ, բայց պրոֆեսիոնալ պարել սովորելու անհավանական մեծ ցանկությամբ ընկել եմ իրենց շարքերն ու բոլորի «արյունը խմում եմ»՝ ինձ էս էլ ցույց տվեք, սա էլ եմ ուզում սովորեմ, էս մի բանն էլ եմ ուզում անել: Բոլորի հետևից ընկած՝ ավել մի բան եմ ուզում սովորել, նկարահանումներից հետո էլ գնում եմ պարի դասերի. Մարիի մոտ զումբա եմ սովորում, Սեդայի մոտ՝ կովկասյան պարեր, Կարենն ինձ հիփ-հոփ է սովորեցնում, մի խոսքով՝ աշխատում եմ շատ, որպեսզի արդարացնեմ այն վստահությունը, որ սերիալի ղեկավարներն ունեն իմ նկատմամբ: Պրոֆեսիոնալ պարող չեմ, բայց պետք է մաքսիմալ պրոֆեսիոնալ վերաբերմունք դրսևորեմ իմ աշխատանքի հանդեպ, ու այն բացերը, որ առայժմ ունեմ պարի առումով, լրացնում եմ դերասանական խաղով»:


Իսկ թե որքանով է դժվար կամ հեշտ նոր կոլեկտիվում միմյանց հետ ընդհանուր լեզու գտնելը, Լիան ասում է, որ ամեն ինչ հրաշալի է դասավորվել նաև այդ առումով: Բոլորը միմյանց հետ մտերմացել են, ու անգամ նկարահանումներից դուրս էլ ընկերություն են անում, շփվում միմյանց հետ. «Շատ լավ կոլեկտիվ է, միմյանց օգնող, հասնող, սկսած նախագծի տնօրենից մինչև պրոդյուսեր, ռեժիսոր ու սցենարիստ: Պոզիտիվ, հումորով կազմ է հավաքված, որտեղ բոլոր խնդիրները լուծվում են միմյանց օգնելով ու իրար հասնելով»:
Դե ինչ, սերիալին հաջող ընթացք մաղթենք և հուսանք, որ Շանթ ՀԸ-ի հումորային նախագծերի շարքում այս սիթքոմը ևս կսիրվի ու կդիտվի:
Նյութը՝ BlogNews.am-ի
Լուսանկարները՝ Լիա Զախարյանի անձնական արխիվից



