Картинки по запросу ելք դաշինքԵրեկ կարդացի «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագիրը: Առաջին տպավորությունս այն էր, որ դա «Ինչպես անցկացրիք ամառային արձակուրդները սահմանամերձ գյուղում» խորագրի ներքո գրված շարադրություն էր:

Կարելի է կետ առ կետ անցնել, բայց փորձեմ ընդանուր անդրադարձ կատարել, որ շատ չերկարի:

Ըստ երևույթին՝ նրանք ոչ մի խորհրդակցություն չեն անցկացրել ռազմական որևէ փորձագետի հետ, ես ռազմական փորձագետ չեմ, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցիչ հաշվառված է զինկոմում և զորավարժություններ անցկացվում են, ընդ որում՝ այնտեղ դասակարգված է՝ ով ժամանակին որ ստորաբաժանումում է ծառայել, այդ դեպքում ի՞նչ կարիք կար ծրագրում նշել. «Կձևավորվի քաղաքացիական-ռեզերվային բանակ. քաղաքացին նախապես տեղեկացված կլինի, թե հնարավոր մոբիլիզացիայի դեպքում ինքը ո՞ւր պետք է ներկայանա, ո՞ր զորամիավորում պետք է զորակոչվի, ո՞վ է իր անմիջական հրամանատարը: Քաղաքացիներին պետք է նաև ամրակցվի զենք, որը կպահվի համապատասխան զինկոմիսարիատում կամ մոտակա զորամասում կամ համայնքային հատուկ պահպանվող տարածքներում: Տարին երկու անգամ մոբիլիզացիայի ենթակա յուրաքանչյուր քաղաքացի կմասնակցի զորախաղերի»: Կարելի էր գրել՝ կարդիականացվի կամ կհամակարգվի աշխատանքը, ոչ թե կստեղծվի:

Արցախի հարցին չեմ էլ ցանկանում անդրադառնալ, զգացվում է, որ հուզականության ու երկու մանդատ ավել ունենալու համար ստանդարտ առաջարկ են արել: Եթե ձեր մեջ բանակցային գործընթացին ծանոթ մարդ կա, ով իրեն դիվանագետ է համարում փորձեք խոսել նրա հետ, հույս ունեմ շատ բան կբացատրի ձեզ՝ ինչ ասել է միջազգային հարաբերություններ ու դիվանագիտություն: Միայն նշեմ, որ միջազգային հարաբերություններում չկա հավասարը հավասարին սկզբունք ու արդարություն:

«ԵԼՔ» դաշինքը հնարավոր բոլոր հարկատեսակները վերացնում կամ կրճատում է, 5 տարի ժամկետով պետության վրա է թողնում ջրի վարձը, եթե տնտեսությունները անցնում են կաթիլային ոռոգման համակարգի: Ըստ նրանց՝ առաջնագծում մարտական հերթապահությունը պետք է իրականացնեն պայմանագրային զինծառայողները, աշխատավարձով: Բարձրացնում են աշխատավարձներն ու թոշակները և այլն: Ըստ որում՝ նրանց միակ հույսը կոռուպցիան վերացնելն ու ազնիվ աշխատելն է, ասել է թե՝ «Աստված կտա, կանենք» սկբունքը դեռ ուժի մեջ է: Մի խոսքով՝ պետությանը ծանրաբեռնում են ու հարկերը կրճատում: Հրաշք ծրագիր է, բայց միայն թղթի վրա: Գործնականում տնտեսագետները կփաստեն, որ նման ծրագիրը երկիրը շատ արագ կտանի սնանկացման ու կկանգնենք դեֆոլտի վտանգի առջև:

Ամենածիծաղելին այն է, որ «ԵԼՔ»-ը ցանկանում է սահմանադրական փոփոխություններ անել, բայց այդ կետին 3 տողով է անդրադառնում: Սահմանադրական բարեփոխումներից խոսող կուսակցությունը պետք է ասի, թե որ կետերն է փոխելու, ինչ կետեր է ավելացնելու կամ պակասացնելու ու որ կետն ինչի համար է փոփոխելու: Նրանց ծրագիրը 16 էջ է, բայց միայն սահմանադրական փոփոխություններին պետք էր անդրադառնալ 16 էջի սահմաններում:

Հ.Գ. Ոչ մի խոսք մշակույթի զարգացման մասին, իսկ հասարակության ինգնագիտակցութունը զարգանում է, երբ զարգանում է մշակույթը:

Հ.Գ.Գ. ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ ասոցիացման մասին խոսելիս էլ, իմ կարծիքով, ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների մոտեցում են ցուցաբերել: Այս մասին շատ է խոսվել, ու իրենք էլ հաստատ տեսնում են, որ «և՛․․․ և՛» Հայաստանի նման պետության համար ամենագործուն տարբերակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել