Հետաքրքիր է մինչև ընտրությունները ամբողջ հանրապետությունում բաժանվող ընտրակաշառքներից տեղյակ չէ՞ր եկեղեցին, որ ոչ մի դատապարտող հայտարարություն չտարածեց։ Մինչ եկեղեցին պետք է խորհուրդ տա, ինչպես Եսթերի գրքում, երեք օր ու գիշեր ծոմ պահել, որպեսզի երկրից չարը վերանա։ Իսկ մենք եկեղեցու մասին մեր կարծիքը հայտնում ենք միջնադարյան փայլուն պատմագիրներից՝ Մատթեոս Ուռհայեցուց մեջբերելով՝ 
․․․ հայրապետների ծուլության պատճառով, բազմաթիվ հերձվածներ են մուտք գործելու Աստծո եկեղեցին, քանզի՝ հայրապետները, դառնալով թուլամորթ և տկար, չպիտի կարողանան հավատո քննություն անել և պիտի մնան հիմար վիճակում․ արծաթասիրության պատճառով պիտի հրաժարվեն հավատքից և եկեղեցում պիտի պակասեն օրհներգությունները։ Աստծո անխուսափելի ահավոր դատաստանի վախն ու սարսափը վերանալու է բոլորի մտքից․ մարդիկ պիտի մոռանան, որ արդարների և մեղավորների հատուցում կա, նրանք ընթանալով մոլոր ճանապարհով, պիտի մեղքը սիրեն և հեշտասեր դառնան։ Նրանք սիրով պիտի գնան հանրատները։ Թագավորները, իշխանները և հոգևոր առաջնորդները ասպատակելու են երկիրը, հոգևոր առաջնորդներն ու իշխանները պիտի դառնան կաշառասեր, ստախոս, սուտ երդվող և, կաշառք ստանալով, պիտի ոտնահարեն աղքատի իրավունքը։ Այսպիսով, Աստված է՛լ ավելի պիտի զայրանա նրանց դեմ՝ հոգևոր և աշխարհիկ իշխանությունը ոչ ըստ Աստծո կամքի, այլ կողմնակալությամբ վարելու համար։ Թեմին տիրելով իշխանաբար՝ նրանք հովվելու են այն և ժողովրդին դաստիարակելու ոչ Աստծո երկյուղով, ինչպես այդ մասին պատվիրեց սուրբ առաքյալ Պողոսը։ Իշխաններն ու դատավորները ավելի պոռնկասեր, քան թե աստվածասեր են լինելու, նրանք պիտի ատեն ամուսնության սուրբ խորհուրդը։ Վարակվելով պոռնկության ախտով՝ պիտի սիրեն իրենց նմանների կործանումը։ Նրանք մատնիչներին և գողերին պիտի պատվեն, անիրավաբար պիտի հափշտակեն աշխատողի ունեցվածքը և նրանց նկատմամբ անողորմ դատաստան պիտի տեսնեն․․․ Արծաթասիրության պատճառով ձեռնադրելու են բազում անարժանների և ամեն մի պիղծ մարդու քահանաների շարքին են դասելու։ Այն ժամանակ է, ահա, որ Քրիստոսին պատարագելու են անարժան քահանաները, այդ անարժաններն են ժողովրդին հաղորդություն տալու՝ ոչ ի փրկություն, այլ որպես պատիժ և հոգու կորուստ։ Բայց տեղ-տեղ կան Քրիստոսի սուրբ խորհրդի ճշմարիտ պատարագողներ, որոնց սիրույն էլ ահա Աստված կողորմի մարդկության։ Որդինե՜ր, վիրավորելու են անբիծ առաքինի մարդկանց, հրաժարվելու են քահանա ձեռնադրել անարատին՝ դրամ չունենալու պատճառով։ Տասնչորս տարի առաջ նախորդ երկնային նշանի առթիվ մենք ասացինք, որ աստվածապաշտությունից շատերը պիտի հեռանան, որովհետև բազմաթիվ քահանաներ և վանականներ հավատքով տկար պիտի լինեն, որ նրանք հեշտասեր պիտի լինեն և որոճալով պիտի որոճան դիվական երգեր, որ վանականները պիտի փախչեն անապատից, պիտի ատեն ճգնավորների սուրբ խմբերը, պիտի ատեն և անարգեն առաջին վանականների կենցաղավարությունը, եկեղեցական կարգ ու կանոնը և հավատքը տակն ու վրա պիտի անեն, պիտի փախչեն Աստծո սաղմոսերգության ձայնից։ Իմ որդինե՜ր, այս բոլորը լինելու են։ Աշխարհիկ առաջնորդները պիտի հղփանան արծաթասիրությամբ, և Աստծո առաջ քաշեն և քահանա ձեռնադրեն։ Նրանք բոլոր մերժվածներին Աստծո ժողովրդի ղեկավար և առաջնորդ պիտի առաջ քաշեն և քահանա ձեռնադրեն։ Նրանք բոլոր մերժվածներին Աստծո ժողովրդի ղեկավար և առաջնորդ պիտի նշանակեն։ Նրանք իրենց արածը չպիտի իմանան, քանզի անչափ դրամասիրությունը կուրացնելու է նրանց։ Ավելացնում եմ և հետևյալը․ սրանից հետո է, որ Քրիստոսին անարժան քահանաներից խոր վերք է ստանալու, ավելի խոր, քան ստացել էր հրեաներից՝ իր չարչարվելու և խաչվելու ժամանակ, նրանց պակասը սրանք են լրացնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել