Դպրոցում ցեղասպանություն առարկայի դասավանդման հետ կապված որոշ նրբություններ կան։ Ռուբինա Փիրումյանը կազմել է ոչ թե դասագիրք, այլ մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար (ես էլ էի դասագիրք հասկացել)։ Բայց այստեղ որոշ հարցեր, այնուամենայնիվ, կան։
Տիկին Փիրումյանն իր խոսքում ասել է. «Այն ժամանակ էլ ԿԳ նախարարը Լևոն Մկրտչյանն էր, երբ ինձ առաջարկեցին գրել դասագիրքը, որը մի քանի փուլ ունեցավ. նախ՝ Հայոց ցեղասպանության պատմությունը գրեցինք, որ ավելի բարձր դասարաններում պարապեն»։ Տպավորություն է ստեղծվում, որ խոսքը դասագրքի մասին է, ինչն էլ դարձել է այս աղմուկի պատճառը (սրանք իմ ենթադրություններն են)։
Նշանակություն ունեին նաև որոշ կայքերի վերնագրերն ու նյութերը, օրինակ՝ «Անուշ Սեդրակյան. «Ի՞նչ իրավունքով է դպրոցներում Ցեղասպանություն դասավանդվելու» (aravot.am)։
Ինձ անհասկանալի է նաև Ռ. Փիրումյանի հետևյալ միտքը. «Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք և քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ պետք չէ ատելություն սրսկել»։
Եթե եզրակացություններ անենք, ապա
- Հանրությանը (ԶԼՄ-ներին) պետք է առավել հասկանալի ու մանրամասն բացատրել, թե ինչ է տպագրվում՝ դասագի՞րք, թե՞ ուսուցիչների համար ձեռնարկ։
- Հեղինակի կարծիքից բացի՝ լավ կլինի ներկայացնել այլ մասնագետների, ուսուցիչների և գիտնականների կարծիքները, որպեսզի հանրային դաշտում լինի մասնագիտական քննարկում։
Ձեռնարկ/դասագրքի էլեկտրոնային տարբերակը չկարողացա գտնել։
ՀԳ. Արցախյան շարժման և Հայաստանի անկախության պատմության մասին իմ տեսակետը մնում է անփոփոխ։ Կավելացնեի, որ նույն ուսուցիչների համար պետք է նաև Մեդիագրագիտության ձեռնարկ պատրաստել։