Երկրի ծերերը… Նկատած կլինեք` իրար են հանդիպում 70-80 տարեկան ծերերը` հին ընկերներ և զբոսնում են արևի տակ` Երևանի տաքացող փողոցներով: Նրանց քայլքերը մի քիչ անվստահ են, աչքերը – թաց ու անփայլ, վերարկուները` թանկարժեք սովետական կտորներից` իրենց վրա կարած: Երևի նախկին շինարարներ են` աշխղեկներ, ՍՈՒ-ի պետեր, ապա բարձր որակավորման բանվորներ, դատավորներ… Երբ խոսում են իրար հետ – ձայների ու բառերի մեջ 60-ականների շեշտերն են – ուրի՜շ երկիր էր, ուրի՜շ քաղաքակրթություն…
Միշտ նկատել եմ – մեր ծերերի խելքը տեղն է… Մանավանդ` մեր գյուղերում չեք հանդիպի ծերի, որ մոռացել է քո անունը կամ մտավոր թուլության ինչ-որ նշան ունի: Նրանց մարմինը ծեր է, բայց հոգին չի ծերանում: Եվ այդ պահպանվածության պատճառը Սերն է: Նրանք ապրում են թոռների ու ծոռների հետ, ամեն օր նրանց հոգսն են քաշում, սիրում ու խնամում… Սերը այնպիսի հորմոններ է ծնում, որ հաղթահարում է ուղեղի անոթների սկլերոզը…
Անբնական է ներկա Արևմուտքի «գտնումը»` երիտասարդ ընտանիքները շուտ բաժանվում են ծերերից, և սրանք` մնացած մենակ – մաշված մարմինները քամուն տված` զբոսնում են այս մոլորակի երկրներով… Եվ սա կոչում են երջանիկ ծերություն: Առանց Սիրո և Հոգսի` սիրելի մարդկանց համար, ծերերի ուղեղի անոթները սկլերոզի են ենթարկվում, և Ալցհեյմերի հիվանդությունը նրանց դռանն է… Այս հիվանդությամբ տառապում են Արևմուտքի ծերերի վաթսուն տոկոսը – հիվանդը աստիճանաբար մոռանում է իր անձը և ինքնությունը, չի ճանաչում նույնիսկ զավակներին: Այդպիսի ողբերգական վախճան ունեցավ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, Անգլիայի երկաթե լեդին` Մարգարետ Թեթչերը, նույն ճանապարհն է բռնել… Անգլոսաքս քաղաքակրթությունը անսեր է թողնում ծերերի կյանքը…
Սիրել: Խնամել իր և սիրելի մարդկանց կյանքը: Երեխաների դաստիարակությունը տանում են ծերերը: Մեծ ողբերգություն էր մեր դպրոցների` այսպես կոչված «օպտիմալացումը» – սիրո պայծառ հասունության ժամին շատ մանկավարժներ բաժանվեցին մեր մանուկներից:
Սիրել – նշանակում է երբեք չծերանալ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/4059037574819
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել