Barometer.am-ը գրում է.
Փետրվարի 28-ին Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը նշել է, որ աղջիկների և տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ:
"Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք:
Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարիկները 20-րդ տեղին չէին մոտեցել:
2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք` կմասնակցենք, թե ոչ",-ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրենը:
Արթուր Սեդրակյանը նշել է, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում` մայիսին, սպասվում է Հայաստանի առաջնությունը:
Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչև մարտի 9-ը: