Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է, որ արթնանաք ձեր երազից և մտածեք. «Սա ի՞նչ էր»: Մեր ենթագիտակցությունը երազների միջոցով մեզ որոշակի ինֆորմացիա է հաղորդում և հաճախ դա անում է չափազանց տարօրինակ ձևով: Կապ չունի, թե քանի տարեկան եք կամ որ ազգությանն եք պատկանում, մեր բոլորիս ուղեղները հղում են որոշակի ազդանշաններ, որոնք նույն կերպ են բացատրվում: Դուք ունեք հարցեր, մենք ունենք պատասխաններ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ամենատարածված տարօրինակ երազները և դրանց նշանակությունները:

Թափվող ատամներ

Սա բավականին անհանգստացնող և տհաճ երազ է. ոչ ոք չի ցանկանում տեսնել, թե ինչպես են թափվում իր ատամները: Ավելին՝ այս երազներն  այնքան իրական են թվում, որ արթնանալուց հետո մենք վազում ենք  հայելու մոտ՝ սուգելու՝ ամեն ինչ տեղու՞մ է: Այս երազն ունի մի քանի մեկնաբանություն, բայց ընդհանուր էությունը վերահսկողության և իշխանության կորուստն է: Թափվող ատամներ երազում տեսնելը կարող է կապված լինել արտաքին տեսքի փոփոխությունների և ծերանալու հանդեպ վախի, ինչպես նաև նվաստացվելու վախի հետ:

Հետապնդված լինել

Սա շատ տարածված և տհաճ երազ է, որը ծանոթ է շատերիս: Սա կարող է ունենալ բավականին ուղիղ մեկնաբանություն. դուք իրականում ինչ-որ բանից փախչում եք, խուսափում եք: Դա կարող է լինել ինչ-որ մարդ, վախ, իրավիճակ, հարաբերություն կամ էլ կարիերայի և աշխատանքի հետ կապված ինչ-որ մի որոշում, որը ձեզ անհանգստացնում է: Երազը փորձում է ձեր ուշադրությունը հրավիրել այդ իրավիճակին:

Ջուր

Այս երազները ավելի դրական բնույթ են կրում և կարող են ձեզ պարգևել հանգստություն և մտքի խաղաղություն: Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ են դրանք նշանակում: Ջուրն առհասարակ ունի մի քանի մեկնաբանություն՝ կյանք, մահ, վերածունդ, փոփոխություն, բարելավում: Ջրի դրսևորման եղանակներն ունեն տարբեր մեկնաբանություն, որն արտացոլում է ձեր ներկայիս հոգեվիճակը: Եթե ջուրը հանդարտ է, հանգստացնող և լայնարձակ, ապա դուք բաց եք նորի համար, և առկա է թեթևակի ոգևորություն գալիքի հանդեպ: Եռացող ջուր, ջրհեղեղ կամ էլ վերահսկողությունից դուրս եկած ջրի այլ դրսևորումը վկայում է, որ դուք ճնշված եք կամ էլ գտնվում եք ձեր կյանքի շրջադարձային փուլում:

Քննություն հանձնել

Կյանքի տարբեր փուլերում շատերիս մոտ լինում է մի երազ, որում մենք քննություն եք հանձնում մի առարկայից, որին բացարձակապես պատրաստ չենք: Կապ չունի՝ դուք դպրոցական եք, թե արդեն վաղուց ավարտել եք և տարիներով քննություն չեք հանձնել, այս երազները նշանակում են, որ դուք առճակատվում եք մի «դասի» կամ «քննության», որը գալիս է դեռևս անցյալից, և դուք պետք է այն լուծեք, որպեսզի կարողանաք առաջ շարժվել:

Պարալիչ

Եվս մեկ տհաճ և զարհուրեցնող երազ: Այս երազն ունի 2 հիմնական բացատրություն: Մեկը՝ դուք վերահսկողության պակաս ունեք կյանքում, մյուսը՝ բավականին ուղիղ իմաստ ունի. քնած ժամանակ երբեմն մեր որոշակի մարմնի մասեր, անհարմար դիրքում երկար մնալով, պարալիչի են ենթարկվում:

Մահ

Ոչ ոքի չի կարող դուր գալ երազում մահ տեսնել, հատկապես եթե տեսնում եք մտերիմ և հարազատ մեկի մահը: Թվում է, թե մահը ամենասարսափելի մեկնաբանությունն է ունենալու, սակայն սա միշտ չէ այդպես: Սա կարող է վկայել, որ ձեր կյանքում շրջադարձային փոփոխություն է սպասվում, որը պարտադիր չէ, որ վատը լինի: Հավանաբար ձեր կյանքի մի փուլը գալիս է իր ավարտին, որպեսզի տեղ ազատի մյուս փուլի և նոր իրադարձությունների համար:

Թռչել

Այսպիսի երազները շատ ուրախ են, սակայն ի՞նչ են դրանք նշանակում: Մեծ մասամբ այս երազները նույնպես կապված են կյանքի հանդեպ վերահսկողության աստիճանի հետ: Որոշ երազներ ճնշող են, նշանակում են, որ դուք շատ եք աշխատում և ջանք թափում «օդում մնալու» համար: Իսկ եթե դուք թռչում եք թեթև, անհոգ, ապա դուք գոհ եք ձեր ներկայիս վիճակից, և ամենը ձեր վերահսկողության տակ է:

Ընկնել

Սրանք ամենավատ երազներն են: Կապ չունի՝ դուք ընկնում եք բարձրահարկ շենքից, օդանավից կամ էլ մեկ այլ մակերևույթից. զգացողությունները հավասարապես տհաճ են: Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ այս երազները վատ բան վկայեն. եթե դուք հանգստություն եք զգում ընկնելիս, ապա սա նշանակում է, որ դուք բաց եք թողնում մի բան, որն այլևս ձեզ վրա դրականապես չի անդրադառնում: Իսկ եթե դուք վախ և անհանգստություն եք զգում, ապա ձեր կյանքը վերահսկողությունից դուրս է գալիս, և դուք ոչինչ չեք կարող անել դա կանխելու համար:

Մերկություն

Շատերին է ծանոթ այնպիսի մի երազ, երբ դուք հասարակական վայրում մարդկանց առաջ մերկ եք հանդես գալիս: Սակայն ի՞նչ կարող է սա նշանակել: Այս երազներն արտացոլում են խոցելիություն և անպաշտպանություն:

Երեխաներ

Եթե դուք դեռ պատրաստ չեք երեխաներ ունենալ, մի՛ անհանգստացեք: Երազում երեխաներ տեսնելն ամեն պարագայում դրական նշան է: Սա արտացոլում է նոր սկիզբ, նոր միտք կամ էլ նոր զարգացում ձեր կյանքում: Եթե դուք երազում ծննդաբերում եք, ապա դուք ինչ-որ նոր նախագծի գլուխ եք կանգնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել