Մարտի 13-ը Կաթոլիկ Եկեղեցու համար պատմական էր. այդ օրը Կաթոլիկ Եկեղեցու 114 կարդինալները Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլոյին ընտրեցին Սուրբ Պետրոսի Աթոռի հետնորդ, Համայն Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ:
1300 տարվա ընթացքում առաջին ոչ եվրոպացի Պապը (731 թ. Սուրբ Գրիգոր III Պապ): Առաջինը` Հիսուսյան միաբանությունից (օրդեն) պատմության ընթացքում: Առաջինը, ով ընտրեց Ֆրանցիսկոս անունը:
Բերգոլոն բավականին խիստ բնավորության տեր անձնավորություն է: Համախոհները և բազմաթիվ հավատացյալները նրան համարում են իսկապես հումանիստ և նվիրյալ հոգևորական: Միանշանակ կարելի է փաստել, որ վերջինս ընդգծված պաշտպանել է Կաթոլիկ Եկեղեցու ուղղափառ դավանաբանությունը` հանդիսանալով այդ իսկ դավանաբանության ջատագովներից մեկը: Կրոնական մյուս կառույցների հետ բավականին «ջերմ» հարաբերություններ է պահպանում: Իր հայրենի երկրում Բուենոս Այրեսի մահմեդական համայնքը կարդինալին դեռևս վաղուց է հորջոջել «իսլամ համայնքի ընկեր» անունով:
Իհարկե, դժգոհներ նույնպես կան ու կլինեն: Ի թիվս կարծիքների ու մեղադրանքների կարելի է առանձնացնել հատկապես այն քննադատներին, ովքեր մեղադրում են նրան 1976-1983թթ. ընկած ժամանակահատվածում Արգենտինայում ռազմական դիկտատուրայի հաստատմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Հասարակության դժգոհությունների արդյունքում բախումներ են հրահրվել, որի ընթացքում սպանվել է մոտ 5000 խաղաղ բնակիչ:
Առանց մանրակրկտորեն ներկայացնելու նորընտիր Պապի կենսագրությունն ու նախկին գործունեությունը հարկ եմ համարում առանձնակիորեն անդրադառնալ այն ծանր ու դժվարին առաքելությանը, որը ի պաշտոնե ստանձեց նա:
Այս ընտրությունն իսկ ապացուցում է, որ Եվրոպայում Կաթոլիկ Եկեղեցին ուղղակի անդառնալիորեն սպառել է իրեն: Իհարկե, Եվրոպան հանդիսանում է Կաթոլիկ Եկեղեցու սիրտը և հոգևոր կենտրոնը, սակայն հարկավոր է արձանագրել մի կարևորագույն փաստ. Եվրոպայում եկեղեցիները մեծ են, շքեղ և ունեն բավականին հարուստ պատմություն, անգնահատելի մշակութային ժառանգություն, բայց հավատացյալների «հոգևոր տները» դատարկ են ու աղքատիկ: Ներկայիս Եկեղեցու վարչարարական համակարգը երկրաչափական պրոգրեսիայով աճում է ու զարգանում, իսկ եկեղեցու ծեսերը և արարողությունները ճոռոմ են ու բազմաբովանդակ: Հաշվի առնելով հանրության ազատական հայացքները` նման ճանապարհով Կաթոլիկ Եկեղեցին կարող է կորցնել հետագա սերունդն ամբողջությամբ: Կաթոլիկ Եկեղեցին իր հայացքներով ու դիրքորոշմամբ գրեթե նույնն է, ինչ էր 200 տարի առաջ:
Ինչու՞ այն չի փոխվում, ինչի՞ց են իրենք խուսափում:
Նկատի ունենալով այն, որ ընտրվեց Բերգոլո կարդինալն իր իսկ հայացքներով հանդերձ, կարելի է հետևություններ անել, որ Կաթոլիկ Եկեղեցին ցանկանում է փոխվել, իհարկե ոչ արագ կամ չափազանց արագ քայլերով: Եկեղեցու ներկայիս կարևորագույն մարտահրավերներից մեկը հասարակության, հավատացյալների հետ ուղիղ կապի հաստատումն է, որը մինչ օրս գրեթե չի հաջողվել: Այս բնագավառում Բերգոլոն բավականին հայտնի է իր գործունեությամբ: Ընդհանրապես քրիստոնեության` ի մասնավորի Կաթոլիկ Եկեղեցու բարոյական, գաղափարական ուղերձը և դավանանքը խորապես առողջ է և նույնիսկ այս ժամանակաշրջանում անբեկանել, բայց անվերապահորեն այն հարկավոր է ավելի արդյունավետ կերպով մատուցել:
Այս առումով հետաքրքրական է, որ Պապի առաջին հանրային գործողություններից մեկը կլինի հանդիպումը համաշխարհային մամուլի ներկայացուցիչների հետ: Իսկապես անսովոր միտում` ճանաչելու և ընդունելու հասարակության կարծիքը: Իհարկե լավագույնս կազմակերպված հաղորդակցությունը դեռևս բավարար չէ հարթելու և վերացնելու համար Կաթոլիկ Եկեղեցու ներսում տիրող բոլոր բացասական երևույթները: Եվրոպայում և ԱՄՆ-ում հավատացյալները ավելի ու ավելի հազվադեպ են հաճախում եկեղեցի: Գրեթե բոլոր կաթոլիկ երկրներում չափազանց քիչ է հոգևոր ծառայության անցնելու ցանկություն ունեցողների թիվը: Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ ներկայիս պայմաններում նույնիսկ կաթոլիկ երկրներում կաթոլիկ հավատացյալները անվերապահորեն չեն համաձայնվում և նույնիսկ վիճարկում են կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը` մասնավորապես ամուսնալուծությունների, կանանց ձեռնադրությունների և միասեռականության վերաբերյալ:
Այս ամենը վերստին ապացուցում է նորընտիր Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի խոսքերը. «Գոյություն ունի լարվածություն կենտրոնի և ընդհանուր շրջապատի միջև: Մենք պետք է դուրս գանք մեր կաղապարներից ու քայլենք դեպի շրջապատը: Մենք պետք է խուսափենք Եկեղեցու հոգևոր վարակից: Հայտնի է, որ դժբախտ պատահարները լինում են այն ժամանակ, երբ դու դուրս ես գալիս փողոց…: Բայց եթե եկեղեցին շարունակի մնալ իր իսկ կաղապարների մեջ և լինի փակ ապա այն կդառնա ներփակ, հին և անարդյունավետ կառույց: Եթե ես ընտրություն կատարեմ փողոց դուրս եկող (դրա հետևանքով դժբախտ պատահարի մեջ ընկնող) և հիվանդ, ներփակ եկեղեցու միջև, ապա անվերապահորեն կընտրեմ առաջին տարբերակը»:
Իսկ մեզ մնում է մաղթել հաջողություններ Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին:



