2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1 մլն 259 հզ 657 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների վրա: Ըստ հրապարակված տեղեկատվության՝ 2016-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 25,7 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 25,8 տոկոսը` ԵՄ երկրներին եւ 48,5 տոկոսը` այլ երկրներին:
Համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում՝ այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում կամ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում և այլն: