Նոր դատադո՞ւլ, թե՞ Փաստաբանների պալատի նախագահի աթոռակռիվՓաստաբանների պալատում կարծես թե նոր խռովություն է հասունանում: Բանն այն է, որ փաստաբաններից մի քանիսը ցանկանում են գործադուլ սկսել:

Ըստ «Փաստինֆո» լրատվական գործակալության՝ ՀՀ Փաստաբանների պալատում տեղի կունենա Պալատի խորհրդի ընդլայնված նիստ՝ մեծ թվով փաստաբանների մասնակցությամբ, որի ընթացքում կորոշվեն փաստաբաններն ընդդեմ Վճռաբեկ դատարանի գործելաոճի մասնագիտական ակցիաները երբ և ինչպես են ընթանալու: Լրատվականին այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի շարժումը համակարգող փաստաբան Հայկ Ալումյանը:

Սակայն eMedia.am-ի՝ Փաստաբանների պալատին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:

Նախ պալատի անդամների մեծամասնությունը դեմ է գործադուլին, իսկ բուն աղմուկը ոչ թե ընդդեմ Վճռաբեկ դատարանի է, այլ Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար մղվող պայքար է: Հայկ Ալումյանը ցանկանում է դառնալ Փաստաբանների պալատի նախագահ, այս կերպ աղմուկ բարձրացնելով փորձում է դիվիդենտներ շահել փաստաբանների կողմից: 

Հիշեցնենք, որ փաստաբանները մեկ տարի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դատադուլով: Խնդիրը կարգավորվեց ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցությունով: Առաջ քաշված խնդիրները վերջնական կարգավորում կունենան դատաիրավական նոր բարեփոխումներով, որոնց վրա այժմ աշխատում են իշխանությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել