Картинки по запросу տնտեսությունԱզգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն:

Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է:

Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար:

Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են:

Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է:

Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել