Ինչպես տեսնում եմ, «Ուրվագծի» հաղորդումին շատերն են արձագանքել, դրանք մեջ կան այնպիսիներ, որոնց անդրադառնալով ցանկություն ունեցա պատասխանելով պարզաբանել։

ԱՐՁԱԳԱՆՔ 1
Հայր սուրբ, եթե մենք մեր մտահոգությունը պետք է հայտնենք այլ երկրներին հաճոյանալու միտումով, ապա դա կլինի ստրկամտության վառ դրսևորում, որը կարծես թե հարիր չէ անկախ համարվող երկրի մարդկանց: Եվ դա է պատճառը, որ Ձեր խոսքի մեկնաբանողների մոտ ցայտուն երևում է մեր ժողովրդի մեջ արմատացած թերարժեքության զգացողությունը, որ ճապոնացին, եվրեյը, գերմանացին, ռուսը կարող են լինեն ընտրյալ ժողովուրդ, իսկ հայը՝ ոչ: 
Հայր սուրբ, եթե ամբողջ ժողովուրդը միասնական է, եկեղեցին նրա կողքին է արտահայտությունից կարելի է հասկանալ, որ եկեղեցին ժողովրդի մաս չի կազմում, այլ առանձին միավոր է: Իշխանավորը՝ որպես պետություն առանձին միավոր, ժողովուրդը՝ առանձին, եկեղեցին՝ առանձին: Այս դեպքում աշխատում է «բաժանիր, որ տիրես» գաղափարը: Իշխանավորին տիրելը շատ հեշտ է, եկեղեցին միայն 100 տոկոսանոց ժողովրդի կողքին է, որն անհնար է, եթե հանենք իշխանավորին ու եկեղեցուն, արդեն 100 տոկոս չի, մնաց միջուկը, որպես ժողովուրդ առանց ապրելու հնարավորության: Հարկավոր չէ բաժանվել մասերի, այդպես հնարավոր չէ դիմակայել դրսի նույնիսկ թույլ ճնշումներին:
Հայր սուրբ, ամբողջ հաղորդման ընթացքում պարզ չդարձավ՝ Դուք որպես եկեղեցի՞ եք ներկայացնում, թե՞ որպես առանձին անհատ, որովհետև մի քանի անգամ փոխեցիք Ձեր կարգավիճակը:
Հայր սուրբ, հասկանալի էր Ձեր մտահոգությունը ինագուրացիայի ժամանակ կաթողիկոսի օրհնելու արդարացի լինելու հարցում, բայց իմ կարծիքով դա ստվեր է նետում Ձեր ձեռք բերած անբասիր կերպարի վրա: Խնդրում եմ՝ ներող լինեք:

ԱՐՁԱԳԱՆՔ 2
Հարգելի հայրենակից, հաշվի առնել մեծ պետությունների կարծիքը՝ դա ստրկամտություն չի կարելի համարել, նայեք հզոր Իրանի վիճակը եւ այն թող դաս լինի, իսկ մեր հայրենիքը այս պահին ապրում է իր անկախության մանկության շրջանը՝ շրջապատված լինելով չարեկամներով, նաեւ Արցախի հարցը, մեզ միշտ խանգարել է մեծամտությունը:

ԱՐՁԱԳԱՆՔ 3
Հնուց ընդունված սովորույթ կա, երբ նոր թագավորը թագը ընդունում էր հզոր տերությունից: Դա նշանակում էր, որ հարևան պետությունները ընդունում են նոր իշխանության լեգիտիմությունը, նրա հետ հաշվի կնստեն, նրա հետ բանակցությունների կնստեն և նրա դեմ պատերազմ չեն հրահրի:
Այլ երկրների՝ Սարգսյանին ընդունելը նույն բանն է նշանակում: Նրանք որոշեցին՝ ում հետ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մնացյալ չմտածված և առայժմ չհիմնավորված քայլերը միայն կվնասեն երկրին: 
Չեմ հասկանում ամեն անգամ «կողքին» բառի շահարկումը: Դա էլ ռուսերենի ազդեցությունն է երևի՝«рядом»: Հայերեն պիտի ասվի «հետ»: Տվյալ դեպքում հաղորդավարը Րաֆֆու հետ միասին ճիշտ են: Իրոք, մեր եկեղեցին ոչ թե ժողովրդի կողքին է, այլ միշտ ժողովրդի հետ է: Ազատությունը այլալեզու մտածելակերպից ազատագրվելն է նաև: Նայեք՝ ինչ է կատարվում Երևանի փողոցներում. կիսագրագետ, աղավաղված, օտարալեզու ցուցանակներով լցված է մայր քաղաքը: Եթե ըմբոստանալ, դրա դեմ պետք է ըմբոստանալ, դրանից պետք է ազատվել, եթե ուզում ենք ստորաքարշ, ստրկամիտ ու այլասեր չդիտարկվել:

ՊԱՏԱՍԽԱՆ
Իմ շատ սիրելի բարեկամներ, հիացած եմ ձեր մտահոգություններով, քանի որ մե՛ր խնդիրն է, մե՛ր հարցը։ Կցանկանամ, ինչպես սթափ մտածելակերպով հարգարժան կայքընկերն է մոտենում, մոտենանք նաև մենք։ Ի՞նչն է պատճառը, որ միայն այս պահին ենք մտաբերում մեր մասին, իսկ երբ խոսքը գնում է մեր այլասերմանը՝ ազգային իմաստով, մեր ապազգայնացմանը՝ աղանդավորական շարժումների սնկաբուսությամբ և մեր երեխաների շուրթերին Աստվածատուր հայոց լեզվի մորթոտմամբ, մենք լուռ ենք՝ համակերպված, իսկ հիմա, երբ իրականի մեջ կուսակցապայքարի և մրցակցության այս ահութոհի մեջ բոլորս զգացել ենք զգացմունքայնության պատմուճանը, ասված հարցերը չենք ընկալում այնպես, ինչի համար ասվել են, այլ հատվածային, բառի կառչողությամբ ենք ուզում հասկանալ ասվածը և ոչ ամբողջ կոնտեքստի մեջ վերցված։ Եվ արդյունքում հնչում է նույն մեղադրանքը՝ մեղավորը ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ Է։ Լավ, այսօր, որ ազգովի թույլ ենք տվել տարբեր կրոնական շարժումների առկայությունը մեր երկրում, ձեզանից քանի՞ հոգի գնաց մորմոնների մոտ, կյանքի խոսքի մոտ, Եհովայի վկաների մոտ, հոգեգալստականների մոտ և այդ նույն հարցերը բարձրացրեց՝ նրանց մեղադրելով «ինչո՞ւ ժողովրդի կողքին չեք», քանի որ նրանց անդամների մեծամասնությունը բարիկադներում են, սակայն առանց իրենց «կաթողիկոսների»։ Եթե այդքան քաջ ենք, լինեք բոլորի հետ քաջ, պահանջող ենք՝ լինեք բոլորից պահանջող։ Մի մեղադրեք միայն մեր Մայր Եկեղեցուն, քանի որ ժամանակը ցույց տվեց, ցավոք, որ մենք ենք հեռացել մեր եկեղեցուց և ոչ՝ հակառակը։ Մայր Եկեղեցին միշտ իր ժողովրդի հետ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել