Կարծում եմ՝ շատերս ենք նկատել վերջին օրերին տարատեսակ հոգեբանական ու ինֆորմացիոն ճնշումները, որ պարբերաբար գալիս ու գալիս են հասարակ քաղաքացիների վրա տարբեր օղակներից: Հոգեբանության մեջ գոյություն ունեն մի շարք հետաքրքիր ու շատ կարևոր ճյուղեր, որոնցից են հասարակական հոգեբանությունն ու էթնոհոգեբանությունը: Առավել հասկանալի լինելու համար կխուսափեմ գիտական տերմիններից ու երկարաշունչ ոչինչ չասող նախադասություններից:
Կա մի խելացի միտք, որ գիտելիքն է ծնում ուժ, հետևաբար լավ պաշտպանության ու հարձակման համար էլ են պետք չափավոր գիտելիքներ: Եվ պատկերացրե՛ք, տարբեր օղակներում նույնպես տիրապետում են մարդկանց գիտակցության վրա ազդելու հոգեբանական մեխանիզմների, ու դրանք հանվում են շատ անգամ այդ ամենից գլուխ չհանող հասարակ քաղաքացու դեմ, ովքեր էլ, պարբերաբար ենթարկվելով ինֆորմացիոն հարձակումների, ենթագիտակցորեն ձևավորում են կարծրատիպեր, ինչն էլ իր հերթին ազդեցություն է թողնում անհատի ու ընդհանուրի վարքի վրա:
Պարզաբանումները կառուցեմ հենց էթնոհոգեբանության վրա, որն ուսումնասիրում է էթնիկ խմբերի ու ազգերի հոգեբանությունը: Մենք` հայերս, որպես էթնոս և ազգ ունենք մեր ազգային հոգեբանությունը, մեր ազգային կոմպլեքսները, ֆոբիաները, կարծրատիպերը, որոնք ընդհանուր են: Ամենատարածված ազգային ֆոբիան մեզ համար, օրինակ, նվաճված լինելու, տարածքներ կորցնելու և ֆիզիկական բնաջնջման վախն է, ինչն, իհարկե, ունի իր բացատրությունը` պատմական ծվեն-ծվեն եղած հայրենիք, ցեղասպանություն, պատերազմներ ու արհավիրքներ, իսկ վերջին ու ամենաթարմ ֆոբիան Արցախի ազատամարտն է, ավելի ճիշտ վախը, որ այն կկրկնվի: Սրանք ընդհանուր վախեր են, որոնք այս կամ այն չափով մշտական սթրեսի մեջ են պահում հասարակության բոլոր շերտերին: Եվ նման ու այլ վախերից էլ օգտվում են շատ ու շատ գործի «գիտակներ», ովքեր «օրհասական» պահերին իրենց հոգեբանական արշավն են սկսում ընդվզող հասարակության դեմ` մանիպուլյացիայի ենթարկելով նրա վախերը:
Եթե աչքի տակ անցկացնենք վերջին ժամանակներում որոշ իշխանամետ քաղաքական գործիչների, մտավորականների ու հոգևորականների ճառերն ու ելույթները, ապա անմիջապես նկատելի է դառնում, որ նրանք բոլորն էլ շարժվում են նույն` լավ մշակված ու մասնագիտական աշխարհում հայտնի մեխանիզմներով: Գրեթե բոլորի մոտ հանդիպում են մտքեր, որ ցանկացած անկայունություն բերելու է պատերազմի, հողերի կորստի (իհարկե, նկատի ունեն Արցախը), անկախության կորստի, երբեմն էլ ոչ ուղիղ, բայց ակնարկում են հարևանությամբ ունեցած թշնամիների գոյությունը, ովքեր դեռ ցանկանում են մեր ֆիզիկական գոյությունը կասկածի տակ դնել: Ի դեպ, «արտաքին թշնամու» սպառնալիքը, որը նույնպես տարածված հոգեբանական մեխանիզմ է և օգտագործվում է շատ ու շատ երկրներում իշխանական լծակների կողմից, այդ թվում նաև մեր «հարևան» երկրում, նույնպես ուժեղ ադզեցություն է ունենում լայն մասսաների վրա: Իհարկե, պնդել, թե այդ վախերն անհիմն են, սխալ կլինի, սակայն պարզ է նաև մի բան, որ բոլոր այդ ճառերը չափազանցված են ու հետապնդում են միայն մի նպատակ` հնազանդեցնել հպատակներին:
Բոլորը խոսում են միայն կորուստների մասին, թե ինչե՜ր կարելի է կորցնել, եթե «խելոք» չմնաք, բայց ոչ ոք չի ուզում անգամ ակնարկել, թե ինչե՜ր կարելի է գտնել, ի՜նչ ձեռքբերումներ կարելի է ունենալ, ի՜նչ հաղթանակներ կարելի է տոնել... Չէ՞ որ ամեն ինչ հարաբերական է, և չի կարելի միանշանակ պնդումներ անել:
Անկախ ամեն ինչից` եղե՛ք տեղեկացված, կարդացե՛ք շատ, հարստացրե՛ք ձեր գիտելիքների պաշարը ու մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաների, ինչպես նաև մի՛ ընկեք հուզական զեղումների ետևից, այլ լսե՛ք ձեր սրտին ու բանականությանը` հետևելով արյան կանչին...
Առո՛ղջ եղեք: Շնորհակալություն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/502796099776504?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել